‘Դ!ԵՄ ԵՄ թիմի հայտարարությունը’

1397

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը քիչ հետո Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքին ընդառաջ տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Հայաստանի կենսաթոշակային նոր համակարգի առանցքային կետերից մեկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելն իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով:

Պաշտպանելով ՀՀ ԱԺ 36 պատգամավորների նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ:

Խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ: Սահմանադրական որևէ նորմ չի լիազորում պետությանը՝ իր ստանձնած սոցիալական պարտավորություններից հրաժարում կամ փոխանցում քաղաքացուն, ինչն ամրագրվել է այս օրենքում: Օրենքը  նսեմացնում է պետության դերը՝  Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների երաշխավորման գործում:

Կրկնակի հարկման տարբեր մեխանիզմների գործադրման միջոցով պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը հաշվի չի առնում նաև կենսաապահովման նվազագույն բյուջե և «ընտանեկան բյուջե» գաղափարը, այսինքն՝ ընտանիքի ընդհանուր եկամուտը, ընտանիքի անդամների թիվը և ծախսերը՝ ըստ անձերի քանակի: Դրա փոխարեն  հիմք է ընդունվում բացառապես անձի ամսական եկամուտը, ինչն անհավասար ֆինանսական արդյունքների է հանգեցնում, քանզի նույն գումարը ստացող երկու անհատ կարող են իրենց խնամքին ունենալ միմյանցից տարբերվող ընտանիքներ: Այս գումարը գանձվելու է նաև նվազագույն աշխատավարձից, մինչդեռ մեր երկրում նվազագույն աշխատավարձն չի  ապահովում անգամ  մարդու կենսական անհրաժեշտության կարիքների նվազագույն շեմը:

Պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին, սակայն անտեսվում է հանգամանքը, որ այդ նույն պետբյուջեի միջոցները ևս ձևավորվում են հարկատուների վճարումներից և հարկերից: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը երաշխավորում է հարկատուների վճարած գումարները հարկատուների վճարած մեկ այլ գումարի հաշվին, ինչն անթույլատրելի է, անտրամաբանական, ոչ իրավաչափ, իսկ երաշխիքն էլ՝ հիմնազուրկ:

Նպաստելով բացասական սոցիալ-տնտեսական այլ դրսևորումների առաջացմանը՝ մեկ աշխատատեղի ինքնարժեքի, գների, գործազրկության մակարդակների աճին, թողարկման ծավալների նվազմանը, թաքնված զբաղվածության և սև աշխատավարձերի աճին, գործադուլների և սոցիալական այլ բողոքների առաջացմանը,  փխրուն գործարար միջավայրի վատթարացմանը, օրենքի գործադրումը կհանգեցնի կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների արտահոսքին: Բացի այդ, Օրենքն ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը այլ երկրում ստանալու համար մասնավորապես անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիությունից հրաժարում:

Վերը նշված խնդիրներն առավել  սրվում են Հայաստանում ֆինանսական շուկաների անհամաչափ կայացման, այդ շուկաներում առկա բարձր ռիսկերի, կորպորատիվ կառավարման համակարգի անկատար և ժողովրդագրական վատթարացող վիճակի, գործազրկության խիստ բարձր աստիճանի, գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների չափազանց մեծ թվի, աշխատանքի ցածր արտադրողականության, վարձատրության անարդար համակարգի, աղքատության բարձր մակարդակի, տնտեսության խիստ անբավարար մրցակցային և այլ պայմանների առկայության դեպքում։ Փորձ է արվում կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնել սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական և ենթակառուցվածքների ոչ բավարար միջավայրի պայմաններում, ինչն ակնհատորեն հանգեցնելու է բացասական դրսևորումների:

2014 թվականի հունվարի 1-ից ներդրվելու դեպքում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձերի բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական սեկտորն ամբողջությամբ և մասնավոր սեկտորը՝ գերազանցապես), կհանգեցնի փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը:

Նշյալ  հարցերն ունեն հասարակական և պետական մեծ կարևորություն, իսկ այս հիմնախնդիրներն անտեսելու և համապատասխան լուծումներ չառաջարկելու դեպքում լրջորեն վտանգվում է ողջ հասարակության նվազագույն ապահովվածությունը:

Նման կարևորության հարցերը պետք է դրվեն համաժողովրդական քննարկման, քանի որ որոշվում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ապագան և ճակատագիրը:

Պարտադիր կուտակային բաղադրիչի և դրա վտանգների մասին հանրությունը ոչ միայն բավարար տեղեկացված չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդատվական ինստիտուտի միջոցով իրականացված և 2013 թվականի հուլիսի 12-ին հրապարակված հարցումները փաստում են, որ 2013 թվականի հունիսի դրությամբ հարցվածների միայն 1.6%-ն է նոր կենսաթոշակային համակարգը որպես ձեռք բերում գնահատում: Իրազեկվածության խնդրին  զուգահեռ՝ բազմահազար քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում պարտադիր բաղադրիչի կիրարկման  վերաբերյալ:

Առ այդ, հաշվի առնելով կենսաթոշակային համակարգի ներդրման կարևորությունը որպես ներկա և ապագա սերունդների սոցիալական իրավունքների ապահովման համակարգ՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝ կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը, պարտադրել պատասխանատու մարմիններին շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային համակարգերի նոր սցենարների (այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու և/կամ այլ պայմաններով վերանայելու դեպքում նոր համակարգի) մշակման, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, ինչպես նաև նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ, մշակված համակարգը ներդնել հանրաքվեի միջոցով՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մեխանիզմի կիրառմամբ։

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Նախորդ հոդվածը‘Միակ բանը, որ հետաքրքրում է վարչապետին, փողն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Մուտքը Փհենյան փակ է, փողոցներում ստուգուներ են անցկացվում’