‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները՝ կենսաթոշակային փոփոխությունների մասին’

1281

Կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների հետեւանքով պետական եւ մասնավոր կազմակերպություններում աշխատակիցների միջեւ բաժանումը հանդիսացավ նոր խնդիրների առաջացման պատճառ, որի խոցելի հատվածներից մեկը կրթության եւ գիտության ոլորտն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց պարտադիր կուտակայինի դեմ պայքարող «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Նախաձեռնության անդամ Գրիգոր Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ հունիսի 21-ին Ազգային ժողովը ապօրինի ձևով ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունը: «Այդ փոփոխության մեջ առկա էր մի կետ, որի համաձայն՝ պետական սեկտորի աշխատակիցները հնարավորություն չունեն հրաժարվելու կենսաթոշակի պահումներից, իսկ մյուս կետի համաձայն՝ եթե քաղաքացին աշխատում է որեւէ պետական սեկտորում եւ իր աշխատավարձից իրականացվում են պահումներ, ապա մասնավոր սեկտորում մեկտեղ աշխատելու դեպքում առանց իր կամքի նույնպես կիրականացվեն պահումներ»,- հայտնեց Գրիգոր Պետրոսյանը՝ հավելելով, որ շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, համատեղում են պետական աշխատանքը հիմնականի հետ եւ այս նոր օրենքի պատճառով ստիպված են մուծումներ կատարել հիմնական աշխատանքից: «Հենց այս պատճառով էլ ես լքեցի պետական սեկտորում իմ աշխատանքը. գիտությամբ զբաղվելը դառնում էր ոչ թե եկամտաբեր, այլ վնասներ էր հասցնում»,-շեշտեց նա:

Նախաձեռնության անդամներից Տիգրան Գրիգորյանը իր հերթին հայտնեց, որ հունիսի 31-ին ինքը և իր 9 գործընկերները հեռացան աշխատանքից: Իր կարծիքով հեռացողների քանակը ավելի մեծ կլիներ, եթե մեծամասնությունը տեղյակացված լիներ: Նրա կարծիքով կենսթոշակային այս փոփոխությունը խոչընդոտում է գիտական ոլորտի զարգացմանը Հայաստանում:

Ասուլիսի ավարտին «Դ!եմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչները կոչ արեցին պետական սեկտորի աշխատակիցներին պայմանագրերը վերակնքելուց առաջ լավ մտածել:

Տաթևիկ Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Խաղաղասերի «պացիֆիստն» է լավը’
Հաջորդ հոդվածը‘Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՄԽ համանախագահող երկրների դեսպանների հետ’