‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ. «Կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անարխիան»’

1068

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության նիստի ժամանակ, դիմելով ներկաներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե անընդունելի է համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: «Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ»,- ասել է նա: Նման գործելաոճը Հովիկ Աբրահամյանը որակել է որպես ամենաթողություն, որն էլ հենց անարխիայի հենասյուներից է, իսկ հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը:

Հովիկ Աբրահամյանի հայտարարության շուրջ զրուցեցինք «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Վարդան Զեյնալյանի հետ, ով նշեց, որ հենց կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անարխիան: «Թող իրենք իրենց նախարարություններում նորմալ վերահսկողություն սահմանեն, մարդկանց ամեն ինչով ապահովեն եւ հետո փորձեն հասկանալ, թե ինչու են մարդիկ դժգոհում: Ի՞նչ է, Աբրահամյանը կարծում է, թե մե՞նք ենք երկիրը անարգողն ու թուլացնողը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ-ում ՀՀԿ մեծամասնությունը կեղծիքներով անցկացրեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նոր նախագիծը: Իսկ այդ ժամանակ ԱԺ մուտքի մոտ հավաքվել էին «Դեմ եմ» շարժման մասնակցիները, ովքեր մանրադրամներ ու ամոթ վանկարկումներ են շպրել  ՀՀԿ-ական պատգամավորների եւ պաշտոնյաների ճակատին:

Նախորդ հոդվածը‘Իրաք. Մալիկին մտադիր չէ ձևավորել ազգային միասնության կառավարություն’
Հաջորդ հոդվածը‘Զոհված զինվորի մորն ակցիայի վայրից հիվանդանոց են տեղափոխել. Տեսանյութ. Epress’