‘«Դեմ եմ» նախաձեռնությունը պիկետ կանցկացնի Ֆիննախի մոտ’

885

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին նախաձեռնությունը պիկետ կանցկացնի ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով դադարեցնել գերատեսչության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա: Հայտարարությունը՝ ստորև.

Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողությունների կապակցությամբ:

Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում:

Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին:

Նախորդ հոդվածը‘Շտապ. Ադրբեջանը վերադարձնում է գերեվարված Մամիկոն Խոջոյանին’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմում ոչ մի զորամաս չի կատարել ՌԴ զինվորականների՝ զենքը հանձնելու վերջնագիրը’