‘«Դ!ԵՄ ԵՄ». Ս.Սարգսյանի ելույթը բացահայտ ճնշում էր ՍԴ-ի վրա’

963

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:

Նախաձեռնությունը՝ քիչ առաջ տարածած հայտարարության մեջ նշում է, որ այն փաստը, որ Սարգսյանի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եւ դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, գնահատում է որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:

«Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը»,- ասված է հայտարարության մեջ՝ հավելելով, որ Սարգսյանի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում: 

Նախաձեռնությունը հավելում է նաեւ, որ կառավարությունն ու Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին:

«Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը»,- ասված է հայտարարության տեքստում:

 

Նախորդ հոդվածը‘Անի Գևորգյանը ՀՔԾ-ում հաղորդում է ներկայացրել 3 դրվագի հետ կապված’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ մի շարք զորամասեր ‘