‘Դենիսովը մեղայականով վերադարձավ «Զենիթ»’

784

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Իգոր Դենիսովը առավոտյան ակումբի ղեկավարության հետ հանդիպումից հետո վերադարձել է թիմի հիմնական կազմ:

«Ինձ ժամանակ էր պետք՝ տեղի ունեցածը գիտակցելու համար: Այդ իրավիճակում ես սխալ գործեցի՝ տուրք տալով զգացմունքներին, եւ արդյունքում չկարողացա օգնել իմ թիմակիցներին եւ արդարացնել մեր հավատարիմ երկրպագուների սպասելիքները:

Ես ունեմ գործող պայմանագիր, ես պարտավոր եմ եւ ցանկանում եմ մինչեւ վերջ աշխատել: Որպես պրոֆեսիոնալ ես աճել եւ ձեւավորվել եմ «Զենիթում», եւ շատ եմ ցանկանում օգտակար լինել ակումբին»,- նշված է Դենիսովի հայտարարության մեջ, որը հրապարակել է «Զենիթի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Դենիսովը ակումբի երկրորդ կազմ էր տեղափոխվել Ռուսաստանի առաջնության «Զենիթ» — «Կռիլյա Սովետով» հանդիպումից հետո, երբ ֆուտբոլիստը հրաժարվեց խաղադաշտ մտնել՝ իր դժգոհությունն արտահայտելով ակումբի վարած քաղաքականության հանդեպ:

Ավելի ուշ Դենիսովը պարզաբանել էր, որ իր դժգոհությունը կապված է «Զենիթի» երկու նորեկների՝ Վիտցելի եւ Հալկի եւ թիմի մյուս ֆուտբոլիստների միջեւ աշխատավարձերի մեծ տարբերությամբ:

Նախորդ հոդվածը‘2013 թվականին անապահով ընտանիքները կշարունակեն ստանալ գազի գնի փոխհատուցում ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ցավակցել է Օբամային՝ Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ’