‘Դեպարդիեն խոստովանել է, որ երկու առյուծ է սպանել Աֆրիկայում և համտեսել նրանց միսը’

1138

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որ անցյալ տարի ընդունեց Ռուսաստանի քաղաքացիություն, խոստովանել է, որ Բուրկինա-Ֆասո կատարած ուղևորության ընթացքում երկու առյուծ է սպանել և կերել նրանց մսից: Ըստ դերասանի՝ դա հարկադրյալ քայլ է եղել՝ ինքնապաշտպանության նպատակով. իրենց մեքենան փչացել է, և ուղևորները, այդ թվում՝ դերասանն ինքը, ժամեր շարունակ չեն կարողացել դուրս գալ այնտեղից, քանի որ «առյուծները կանգնել էին ճանապարհին ու չէին շարժվում տեղներից»: Լրագրողների հարցին՝ «Դուք կերա՞ք նրանց», Դեպարդիեն պատասխանել է՝ «Այո», և ավելացրել է՝ «Մենք ընտրություն չունեինք, պետք է սպանեինք նրանց»:

Հարցազրույցում Դեպարդիեն կրկին պատմել է գինու հանդեպ իր թուլության մասին: «Ես չեմ կարողանում խմել՝ ինչպես սովորական մարդիկ: Ես կարող եմ օրական խմել 12,13,14 շիշ գինի, բայց երբեք շատ չեմ հարբում»:

Բացի այդ՝ նա հիշել է 2011 թ. օգոստոսին իր հետ կապված միջադեպը, երբ Փարիզից Դուբլին թռչելիս նա չի սպասել, մինչև զուգարանները բացվեն, և կարիքը հոգացել է հենց ինքնաթիռի սրահում՝ ապշահար ուղևորների աչքի առաջ: Դեպարդիեն արդարացել է, թե իր չվերթը ուշացել էր 45 րոպե, և նա ստիպված էր «կարիքը հոգալ շշի մեջ»:

Այս ամառ Դեպարդիեն հայտարարել է, որ պատրաստվում է ՌԴ-ում կազմակերպել էկոլոգիապես մաքուր օղու արտադրություն: Բացի այդ՝ նա մտադիր է Ռուսաստանում բացել «Ժերար» ռեստորանների ցանց: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել համասեռ ամուսնությունների օրենքին’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Գուրգեն Խանջյանի «Հիվանդանոցը» ‘