‘Դեպարդյեի կարծիքով՝ Ռուսաստանի ընդդիմությունը համակարգ չունի’

928

Ռուսաստանի ընդդիմությունը չհամակարգված է գործում, թեև այնտեղ կան խելացի մարդիկ, РИА Новости-ի փոխանցմամբ՝  հայտարարել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն: «Ռուսաստանյան ընդդիմությունը ծրագիր չունի, ոչինչ էլ չունի: Կան շատ խելացի մարդիկ, ինչպես, օրինակ, Կասպարովը, բայց դա լավ է ընդամենը շախմատի դեպքում, իսկ քաղաքականությունը շատ ավելի բարդ է»,- կիրակի օրը հայտարարել է Դեպարդյեն «Շաբաթվա լուրեր» ծրագրում:

Իր հերթին՝ «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը ֆրանսիացի դերասանին հրավիրել է մասնակցելու ընդդիմության հաջորդ ակցիային: «Եթե Ժերար Դեպարդյեն Ռուսաստանի քաղաքացիություն է ստանում, եթե հետաքրքրվում է մեր քաղաքական կյանքով, ինչո՞ւ չհրավիրենք: Հետևաբար՝ մեր հաջորդ ակցիային ուրախ կլինենք տեսնել նրան»,- РИА Новости-ին փոխանցել է Ուդալցովը:

 Նույն հարցազրույցում Դեպարդյեն նաև ասել է, որ Ռուսաստանում քաղաքական անկայունությունը մեծապես փոխհատուցվում է  նրա մշակութային ժառանգությամբ: «Ռուսական պատմության մեջ տարբեր ժամանակներ են եղել՝ և բռնությունների, և դրանց մերկացման, բայց երբ  տեսնում եք թատրոնի պարուհուն, երբ տեսնում եք Վալերի Գերգիևին, երբ լսում եք Օլգա Բորոդինային, ռուսական օպերան, կամ հիանում եք Նուրիևով, մեծ հաշվով՝ հենց դա նշանակություն ունի: Հենց դա է ամենագլխավորը, ամենախորունկը՝ ռուսաստանյան պատմության մեջ»,-կարծում է Դեպարդյեն: «Ֆրանսիացիները սիրում են քննադատել,-շարունակել է Դեպարդյեն:- Օրինակ՝ Pussy Riot-ի պատմությունը: Բայց պատկերացրեք՝ եթե այդ աղջիկները մզկիթ մտնեին: Նրանք այնտեղից ողջ դուրս չէին գա: Նույնիսկ կաթոլիկ աշխարհում դա սարսափելի կընկալվեր: Բայց երբ ես նույն բանն ասում եմ Ֆրանսիայում, ինձ հիմար են համարում: Այո, ես գուցեև տարբեր կերպ եմ մտածում, բայց ես,  ի վերջո, կենդանի մարդ եմ: Ցավոք՝ զանգվածները հիմար են, միայն անհատն է հրաշալի, մանավանդ՝ երբ անվախ է»,- կարծում է Դեպարդյեն:

Ի դեպ, այսօր Ժերար Դեպարդյեն ժամանել է Բաքու:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը բաց թողեց հաղթանակը Կառլսենի հետ պարտիայում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Աշոտյան. Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար’