‘Դեսպան. Ուկրաինան ամենևին միայն ուկրաինացիները չեն’

901

Ուկրաինայի իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ են, իհարկե, փոխզիջումներ, դիվանագիտական լուծումներ, բայց դրա համար առնվազն պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստել, ԱրմԻնֆո-ին այդպիսին կարծիք է հայտնել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

«Մոսկվային այդ կոչն է անում Ուկրաինայի նոր կառավարությունը: Վերջինս դիմել է նաև միջազգային կառույցներին, որոնց անդամ է Ռուսաստանը: Եվ նոր վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են երկխոսության, բայց Ռուսաստանը հրաժարվում է բանակցությունների սեղանի շուրջ նստել մեր երկրի նոր իշխանության հետ»,- նշել է նա: Կուխտան համաձայնել է, որ հենց Գերագույն ռադայի որոշումը, որն ընդունեց «լեզվի մասին» նոր օրենքը, որոշակի բացասական ֆոն, առիթ է ստեղծել Կիևին ուլտիմատումներ ներկայացնելու համար: Սակայն, նա նշել է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարն արդեն հայտարարել է, որ ֆորս-մաժորային իրավիճակում ընդունված այդ օրենքը չի ստորագրվի, և որ հիմա խորհրդարանում ստեղծված է աշխատանքային խումբ, որը կզբաղվի թե՛ լեզուների, թե՛ ազգային մշակույթների փոխհարաբերությունները կանոնակարգող նոր օրենքի մշակմամբ:

Նրա խոսքով, այսօր բոլորը գիտակցում են, որ Ուկրաինան բազմազգ պետություն է: Ուկրաինան ամենևին միայն ուկրաինացիները չեն. դա, իհարկե, ռուսներն են, թաթարները, հույները, հայերը, հրեաները, ադրբեջանցիները, լեհերը և տասնյակ այլ ազգություններ: Այս համատեքստում Կուխտան օրենքների և կանոների մշակման անհրաժեշտություն է տեսնում, որոնցով ապրում է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Որպես Ուկրաինայի համար օրինակ`դեսպանը նշել է Շվեյցարիան և Բելգիան, որտեղ երկու-երեք պաշտոնական լեզու կա:

«Դա շատ զգայուն հարց է, և դրան պետք է մոտենալ իրավական տեսակետից`օգտագործելով համաշխարհային առաջատար փորձը: Սակայն, ես չէի ասի, թե այդ խնդիրն այդքան սուր էր մեզ մոտ: Մեզ մոտ միմյանց հետ հաշտ ապրում են բոլոր ազգությունները, և քսենոֆոբիայի և ազգային ատելության դրսևորման լուրջ խնդիր չի եղել երկար տարիներ: Հայերն, օրինակ, դարեր շարունակ Ուկրաինայում զգում են իրենց ինչպես տանը`պահպանելով մշակույթը, կրոնը, լեզուն, եկեղեցիները, դպրոցները խիտ բնակության վայրերում: Եվ այն փաստը, որ Մայդանում զոհվել են ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներ, վկայում է այն մասին, որ այդ մարդիկ անտարբեր չեն եղել իրենց երկրի ճակատագրի հանդեպ»,- ամփոփել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Կուխտա. Ղրիմի հանրաքվեն հիշեցնում է երեկ ծանոթացած երիտասարդ զույգի, որն արդեն այսօր իր առաջնեկի անունն է ընտրում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի կունենա «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» միջազգային ցուցահանդեսը’