‘Դեսպան. Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ’

757

Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք անցանկալի տեղաշարժեր երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունում` կապված Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցման հետ:

«Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական լավ հարաբերություններ են, մեծ ապրանքաշրջանառություն: Անցած տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $223 մլն, և մենք շահագրգռված ենք երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ»,- ընդգծել է դեսպանը:

Կուխտան կասկած է հայտնել, որ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և ՄՄ-ին Հայաստանի առաջիկա անդամակցումը խիստ ազդեցություն կունենան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Ինչպես հիշեցրել է դեսպանը, Ուկրաինայի և Հայաստանի միջև գոյություն ունի ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր: «Կարծում եմ` այն կշարունակի գործել»,- ասել է նա` ավելացնելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների նվազում չի կանխատեսում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի ԱՆ ղեկավար Երլան Իդրիսովն ասել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2014 թ. հոկտեմբերին: Մինչդեռ Մաքսային եռյակի առաջնորդների և Սերժ Սարգսյանի Մինսկում վերջին հանդիպման ժամանակ այլ ժամկետներ էին նշվել` ընթացիկ տարվա հուլիսի սկիզբ:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ժամկետների հետաձգումը կապված է բացառապես տեխնիկական հարցերի հետ:  Ինչպես նշվել է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի հավասար իրավունքներով:

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը՝ այսօր’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ուսադիրի պատիվ’