‘Դեսպան. Ռուսաստանի գերիշխող դիրքը դժվարացնում է ինտեգրացիոն գործընթացները’

872

Մոսկվայի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացները, մասնավորապես`Մաքսային միությունը, այժմ գտնվում են սկզբնական փուլում, և հեռանկարների առնչությամբ որևէ վերջնական եզրակացություն անելը վաղաժամ է, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զձիսլավ Ռաչինսկին:

«Չմոռանանք, որ Եվրամիությունը, օրինակ, ձևավորվել է 60 տարվա ընթացքում, ինչպես նաև այդ կառույցի անդամների միջև հակասությունների հարթեցման, ներդաշնակեցման մշտական գործընթաց է տեղի ունենում»,- ասել է նա:

Եվրասիական միության նախագիծը, լեհ դիվանագետի կարծիքով, օրինակ է վերցրել Եվրամիությունում գործող մեխանիզմներն ու մեթոդները, սակայն նմանություններն այսքանով ավարտվում են: Եվրամիության հիմքը միասնական արժեհամակարգն է`ժողովրդավարությունը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պետության և հասարակության գործունեության մեխանիզմները:

Եվրասիական միության դեպքում անհասկանալի է, թե ինչ հիմունքով է ձևավորվելու այդ նախագիծը: Ավելին, շատերը մոռանում են, որ 1994 թ.-ից ԱՊՀ շրջանակներում գործում է ազատ առևտրի գոտի, սակայն ռեժիմի բազմաթիվ բացառություններ, ըստ էության, ի չիք են դարձնում համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ երկրների կազմավորումն ուղեկցվում է այդ երկրների միջև տնտեսությունում, ներքաղաքական համակարգում և այլ առանցքային բնագավառներում տարբերությունների խորացմամբ», — նշել է դեսպանը: 

Նա հավելել է, որ ԵՄ-ում կան իրենց մեծությամբ և ազդեցությամբ տարբեր պետություններ, կա «մեծ վեցյակ» և կան ավելի փոքր երկրներ:

«Բայց, համենայն դեպս, Եվրամիության ստեղծման ժամանակ նման գերիշխող ուժ չկար: Եվրասիական միության ռուսական նախագծի դեպքում այդ հավասարակշռությունը չկա, այստեղ Ռուսաստանի և նախագծի մնացած հավանական մասնակիցների միջև խզումը շատ մեծ է, և պետք է ասեմ, որ այդ խզումը գնալով ավելի է մեծանում»,- գտնում է Ռաչինսկին:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Ստուգողական խաղ» Յուվեի համար’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Կիրովի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից մահացել է 2 հայ’