‘«Դերբի դելլա կապիտալե», «Չելսի» — «Լիվերպուլ» և ևս 4 ուշադրության արժանի հանդիպումներ ‘

1059

iLur.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այս շաբաթ և կիրակի օրերին եվրոպական թոփ առաջնություններում կայանալիք 6 ուշագրավ հանդիպումների վրա:

«Բավարիա»«Այնտրախտ»

Շաբաթ, ժամը 18:30

Բունդեսլիգայի նորեկն այս մրցաշրջանի ամենահետաքրքիր անակնկալներից է՝ իր հարձակվողական և գրավիչ ֆուտբոլով, որտեղ հատկապես առանձնանում է թիմի առաջատար, հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեքսանդր Մեյերը, ով ակումբում է արդեն 8 տարի: Որոշ առումով՝ ֆրանկֆուրտցիները նման են մի քանի մրցաշրջան առաջ «Բունդեսլիգա» բարձրացած «Հոֆենհայմ»-ին, ովքեր այդ ժամանակ էլ ավելի փայլուն առաջին շրջան անցկացրին: Այժմ ֆրանկֆուրտցիներն առաջնությունում զբաղեցնում են երրորդ հորիզոնականը, բայց շատերը չեն հավատում, որ Արմին Ֆե-ն կարող է նույնիսկ մոտենալ իր՝ «Շտուտգարտ»-ում 2007-ին գրանցած հաջողությանը, երբ անսպասելիորեն իր գլխավորած թիմը նվաճեց «Բունդեսլիգա»-ն:

Բավարացիներն՝ իրենց հերթին, Լեւերկուզենի «Բայեր»-ից կրած պարտությունից հետո, շարունակում են գտնվել փայլուն մարզավիճակում և չորեքշաբթի ուղղակի «մարզում» անցկացրին ՉԼ-ում «Լիլ»-ի  դեմ: Շատերը վախենում են, որ «Բավարիա»-ն  կարող է կրկնել նույնը նաև այս հանդիպման ժամանակ, բայց Արմին Ֆեի թիմը այս մրցաշրջանում մեկ անգամ է 3 գոլից ավելի բաց թողել, այն էլ՝ երկրի չեմպիոն «Բորուսիա»-ի դեմ 3-3 ավարտված խաղում: Ամեն դեպքում՝ առաջատարի և երկրորդ հորիզոնականը կիսող թիմերի խաղը չի կարող անհետաքրքիր լինել:

«Մանչեստեր Սիթի»«Տոտենհեմ»

Կիրակի, ժամը 17:30

«Այաքս»-ի դեմ մրցավարների կողմից գողացված հաղթանակից հետո «քաղաքայիններ»-ի մարզիչը հայտարարեց, որ իրենք այլևս հնարավորություն չունեն դուրս գալ ՉԼ-ի «փլեյ օֆֆ», և պետք է կենտրոնանալ «Պրեմիեր լիգա»-ում հաջող ելույթներ ունենալու վրա, որտեղ նրանք  դեռևս պարտություն չեն կրել և ընդամենը երկու միավոր են զիջում առաջատար «Մանչեստեր Սիթի»-ին: Ինչ վերաբերում է հյուրերին, ապա նրանք անակնկալ կերպով ավելի հաջող են հանդես գալիս հյուրընկալվելիս, քան սեփական հարկի տակ: «Սիթի»-ի դեմ հավանական հաղթանակի դեպքում Վիլաշ Բոաշի թիմը կտոնի իր չորրորդ անընդմեջ հաղթանակը՝ հյուրի կարգավիճակում և 300-րդ հաղթանակը՝ «Պրեմիեր լիգա»-ում: 

«Միլան»«Ֆիորենտինա»

Կիրակի, ժամը 18:00

Ալեգրիի թիմը, գրանցելով ակումբի պատմության ամենավատ մեկնարկներից մեկը, վերջապես կարգի է գալիս և կփորձի հաղթանակ տանել իտալացի լավագույն երիտասարդ մարզիչներից մեկի` Մոնտելայի «Ֆիորենտինա»-ի դեմ: Չնայած ոչ ամենավատ հատվածին՝ թիմի երկրպագուները շարունակում են քննադատել մարզչին անընդհատ «մարտավարություն»-ը փոխելու համար:

Միլանցիների կազմում կբացակայեն հիմնական եզրայիններ Աբատեն և Անտոնինին, իսկ «մանուշակներ»-ից խաղին չի մասնակցի թիմի առջևի գծի առաջատար Յովետիչը, ով շարքից դուրս է մնացել երկու շաբաթով: Չի բացառվում, որ Ալեգրին հանդիպումը մեկնարկի միանգամից երեք հարձակվողներով: Բոյանը և Պատոն Մալագայի դեմ ապացուցեցին, որ նրանք ավելի օգտակար են, քան Բոատենգն ու Պացինին: Ուշադրության կենտրոնում կլինի նաև Մոնտոլիվոն, ով «Ֆիորենտինա»-ում անցկացրած 7 մրցաշրջաններից հետո այդպես էլ չէր կարողանում իրեն գտնել «Միլան»-ում: Իր նախկին թիմի դեմ խաղում խաղացողը կփորձի ապացուցել այն, որ համարվում է ներկայիս իտալական ֆուտբոլի լավագույն կառուցողներից մեկը: 

«Լացիո»«Ռոմա»

Կիրակի, ժամը 18:00

«Դերբի դելլա կապիտալե»-ն` հռոմեական  դերբի»-ն, «Սերիա Ա»-ի երկրպագուների համար, ստվեր է գցում թե՛ սեփական առաջնությունում, թե՛ ամբողջ Եվրոպայում տեղի ունենալիք բոլոր մնացած հանդիպումների վրա: Երկու ակումբներն էլ այժմ համարվում են այն թիմերը, ովքեր ունակ են պայքարելու առաջնության երրորդ` ՉԼ-որակավորվելու տեղի համար: Պետկովիչի թիմն այժմ առաջնությունում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը և հաջող է հանդես գալիս նաև Եվրոպայի Լիգայում, որտեղ հինգշաբթի օրը հանգիստ՝ 3-0 հաշվով, հաղթանակ տարավ «Պանատինաիկոս»-ի նկատմամբ: Հաջող  ելույթներով աչքի են ընկնում բրազիլացի Հերնանեսն ու չծերացող Միրո Կլոզեն: «Գայլեր»-ի մոտ ամեն ինչ շատ ավելի անորոշ է, երկրպագուների մի մասին երջանկացնում, իսկ մյուս մասին ուղղակի նյարդայնացնում է Զեմանի գերհարձակողական ֆուտբոլը, որի պատճառով «Ռոմա»-ն այս մրցաշրջանում արդեն կորցրել է բազմաթիվ կարևոր միավորներ: «Զեմանլանդիա»-ի մասին պատկերացում կազմելու համար ուղղակի կարելի է դիտել, թե ինչպես է թիմն սկսում խաղը կենտրոնից, օրինակ` երկրորդ խաղակեսի սկզբում 2-0 հաղթելուց: Հարձակողական ֆուտբոլը, իհարկե, լավ առումով է ազդում առաջին գծի խաղացողների վրա: Տոտտին 36 տարեկանում «վերածնունդ» է ապրում, Օսվալդոն անցկացնում է երևի թե իր լավագույն մրցաշրջանը և վերածվել է «Սկուադրա աձուրա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստի, իսկ Էրիկ Լամելան այնպես է խաղում, որ նրան արդեն համեմատում են Լեո Մեսսիի հետ:

Վիճակագրության սիրահարներին տեղեկացնենք, որ «Դերբի դելլա կապիտալե»-ում տարած հաղթանակներով առջևում է «Ռոմա»-ն՝ 170 դիմակայություններում ունենալով 63 հաղթանակ՝ «արծիվներ»-ի 47-ի դիմաց:

«Չելսի»«Լիվերպուլ»

Կիրակի, ժամը 20:00

Գերհզոր մարզիչներ Ժոզե Մոուրինյոյի և Ռաֆա Բենտիսի գերլարված հակամարտություններն արդեն անցյալում են, բայց միևնույն է՝ հանդիպումը խոստանում է անցնել շատ լարված պայքարում: Երկու ակումբներն էլ բավականին ծանր շաբաթ անցկացրին, համապատասխանաբար՝ ՉԼ-ի և Եվրոպայի Լիգայի խաղարկությունում: Ռոջերսի թիմը կարծես թե կարողանում է կարգավորել իր խաղը, և այս հանդիպումում շատ կարևոր կլինի չպարտվել և փորձել կարգավորել գործերը սեփական առաջնությունում: Իսկ Դի Մատեոյի թիմը, ճիշտ է, անցած շաբաթ կորցրեց առաջատարի դիրքը «Պրեմիեր լիգա»-ում, բայց հույժ կարևոր հաղթանակ տարավ ՉԼ-ում Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ: Իտալացին ստեղծում է բավականին հզոր թիմ, հինվելով երեք երիտասարդ կիսպաշտպաններ Մատայի, Օսկարի և Ազարի վրա, սակայն ցանկացած անհաջողությունից հետո բրիտանական մամուլը միանգամից նրան հիշեցնում է Պեպ Գվարդիոլայի ստվերի մասին, ում շատերը երազում են տեսնել «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

«Լևանտե»«Ռեալ Մադրիդ»

Կիրակի, ժամը 00:30

Ժոզե Մոուրինյոյի սաները երեքշաբթի «Բորուսիա»-ի խաղից հետո բազմաթիվ կասկածներ առաջացրին մրցաշրջանում իրենց լուրջ հավակնությունների վերաբերյալ: Բազմաթիվ մկանային խնդիրներ, վնասվածքով խաղացողներ, որոնց գումարվեց նաև Իգուաինը, Լուկա Մոդրիչի ձգձվող ադապտացիա և իսպանական մամուլի հաղորդմամբ՝ ներքին ճամբարների բաժանված հանդերձարան: Ահա այսպիսի խնդիրների առջև է կանգնած ինքնահռչակ «առանձնահատուկը», ում թիմը շարունակում է հետ մնալ առաջատար Բարսայից 8 միավորով և առաջնությունում այլևս անհաջողության մատնվելու իրավունք չունի: Ինչ վերաբերում է Իգնասիո Մարտինեսի թիմին, ապա այստեղ երկրորդ մրցաշրջանն է ,ինչ առաջնության միջին ամենաբարձր տարիքն ունեցող ֆուտբոլիստները պայքարում են ՉԼ-ի գոտում տեղ գրավելու համար: «Լևանտե»-ի կազմում այժմ հանդես է գալիս Օբաֆեմի Մարտինսը, ով իր երկրորդ շնչառությունն է բացել Մարտինեսի թիմում:

Վերջին տարիներին այս թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքները վկայում են, որ Ժոզեի թիմին կիրակի երեկոյան բավական դժվար կլինի հաղթանակ տանել «Լևանտե»-ի դաշտում: «Սիուդատ դե Վալենսիա» մարզադաշտում, առաջնությունում անցկացրած երկու հանդիպումներում էլ Մոուն չի կարողացել հաղթել, բացի դրանից՝ «Լևանտե»-ն սեփական հարկի տակ այս մրցաշրջանում միավոր է կորցրել միայն առաջին տուրում` Սիմեոնեի «Ատլետիկո»-ի դեմ:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործով» խոստում չկատարած ևս մե՞կը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մերժվել է Վիկտոր Բուտի արտահանձնման միջնորդությունը’