‘Դերենիկ Դումանյանը կրկին հանդիպել է ստոմատոլոգների հետ’

1131

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն երեկ երեկոյան կրկին ընդունել է ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների, տեղեկացնում է ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունը։

Նախարարը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Մասնավորապես` խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանել է, որ օրենքի քննարկման ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում մասնագիտական որոշ մոտեցումներ հաշվի չեն առնվել։ Կլինիկաների և անկախ լաբորատորիաների ղեկավարներն իրենց մտահոգող խնդիրների լուծման ուղղությամբ այս անգամ առավել կոնկրետ առաջարկներ են ներկայացրել։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարության մասնագետներն արդեն հանդիպումներ և նախնական քննարկումներ են ունեցել լիազոր այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և խոստացել, որ այդ առաջարկները ևս կվերլուծվեն նախարարության մասնագետների կողմից և համապատասխան հիմնավորումներով կներկայացվեն պատկան մարմիններին։ Նա առաջարկել է մի քանի օրից կրկին հանդիպել` ամփոփելու արդյունքները։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն` Երևան քաղաքում մինչև երեք բազկաթոռով ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեություն իրականացնելու համար յուրաքանչյուր բազկաթոռի համար ամսական 80.000 ՀՀ դրամ արտոնագրային վճար է սահմանվել։

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիոն ռիսկերի նոր ճակատ է բացվում, և էլի Տիգրան Սարգսյանի ջանքերով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Պետական աֆյորա, որին կնախանձեր նույինիսկ Օստապ Իբրահիմովիչը’