‘Դերենիկ Դումանյան.Փնտրում ենք խոշոր ձկների, որպեսզի գլխից բռնենք’

1349

«Մենք նախարարությունում փնտրում ենք «խոշոր ձկների», որպեսզի գլխից բռնենք: Ես խնդիր չունեմ, և եթե կհայտնվեն մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարի, անկախ մեծ ու փոքր լինելուց, ներում-բեկում չի լինի»,- այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Անդրադառնալով բժշկական կադրերին՝ նախարարն անկեղծացավ, որ դրանք ներկայումս բաշխված են խիստ անհամաչափ` գերհագեցում Երևանում և մեծ պահանջարկ մարզերում: 10000 բնակչին բաժին ընկնող բժիշկների ցուցանիշը Երևանում 86 է, իսկ մարզերում՝ ընդամենը 17,7։ Նրա խոսքով՝ մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք։ Նեղ մասնագետների պակաս կա անգամ վերանորոգված բուժհիմնարկներում: Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները:

Խոսելով դեղերի ոլորտում բացահայտված վերջին խախտումների մասին՝ նախարարը նկատեց, որ դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կանոնակարգումն անհնար կլիներ առանց նոր օրենքի մշակման և ընդունման։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի՝ արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ներառվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ ունեցած քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասը։

Նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույթներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։ Նախագծում ամրագրված են նաև դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության համար էական նշանակություն ունեցող միջազգայնորեն ընդունված այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման, պահպանման գործունեությունների կանոնները:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն 930 տպագիր պարբերականների է բաժանորդագրված ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար ճեպընթաց երկաթուղին’