‘Դերոն բեկում է մտցրել առողջապահության ոլորտում (տեսանյութ)’

1625

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը երեկ հերթական ուշագրավ հաղորդագրությունն էր տարածել՝ «Պարզաբանում. Ամալյա Նազարեթյանը մասնագիտական բուժման կարիք ունի» վերտառությամբ, որտեղ ասվում էր. «Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երևանի բնակչուհի Ամալյա  Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի  հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով Ա. Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման։ Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո»:

Այս առթիվ պետք է նախ հիշել նույն նախարարության երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղ ակնհայտ կեղծ տեղեկություններ էին տրվում դեղերի գների մասին: Մասնավորապես՝ նշված էին որոշ դեղամիջոցների անվանումներ, և նախարարությունը հայտնում էր, որ այդ դեղերը ապրիլ-մայիս ամիսներին չեն թանկացել: Սակայն iLur.am-ի թղթակիցը շատ արագ կարողացավ պարզել, որ նշված դեղերը թանկացել են 8-25%-ով: Այսքանից հետո ստիպված ենք նշել, որ փոխանակ Առողջապահության նախարարությունը պարզաբանի, թե ինչու է հանրությանը մոլորության մեջ գցում և հայտնում, որ դեղերը չեն թանկացել, գերադասում է «պարզաբանել», որ առողջ կինը «հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման»: Նշենք, որ միայնակ տարեց կնոջ հարևանները նրա մոտ երբևէ հոգեկան շեղումներ չեն նկատել: Ամալյա Նազարեթյանին ոստիկանների միջամտությամբ Ավանի հոգեբուժարան էին տեղափոխել «Կոմիտաս» սրճարանի 4 աշխատակիցների դիմումի հիման վրա:

Այս առիթով ստիպված ենք հիշեցնել նախարար Դերենիկ Դումանյանին, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերին՝ առողջապահության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, հայտարարել էր, թե մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության կարծիքով՝ բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներն ամենաշատը արձանագրվում են հենց առողջապահության ոլորտում: Սարգսյանը նաև նշել էր, որ ոլորտում առկա է կաշառակերության բարձր մակարդակ: Իսկ դրանից մի քանի օր առաջ կառավարության ողջ կազմին հավաքած և ամոթանք տվող Սարգսյանը ասել էր հետևյալը. «Ո՞նց կարելի է դեղերի շուկան էդպես թողնել: Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես, դա առաջինը քո խնդիրն ա, առաջինը: Քո տեսչությունների միջոցով դու կարող էիր վաղուց արդեն այդտեղ, ինչպես պայմանավորվել էինք, բեկում մտցնել: Չի երևում»: Փաստորեն, նախարարը որոշել է բեկում մտցնել, նախ և առաջ, հանրությանը խաբելու ոլորտում, և ամեն օր ստահոդ հաղորդագրություններ է ուղարկում՝ մեկ պնդելով, որ դեղերը չեն թանկացել, մեկ՝ որ առողջ կինը հիվանդ է: Խորհուրդ կտանք նախարար Դերոյին՝ ևս մեկ անգամ ուշադիր լսել իր ղեկավար Սերժ Սարգսյանի գնահատականները իր ղեկավարած ոլորտի մասին և լրջորեն մտածել՝ նախքան հաջորդ հաղորդագրությունը տարածելը: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Դերոն էլ շատ լավ հասկանում է՝ Սերժ Սարգսյանն այս հայտարարությունները անում է «Սիրուն չէ» շոուի շրջանակներում, և մեծ հաշվով՝ թքած ունի վերջինիս ասածների վրա: Դե իսկ կոռուպցիոն սխեմաների արանքում կարելի է աշխատելու պատրվակ ստեղծել  և մի քանի հաղորդագրություն տարածել՝ «Մեկ ա՝ ով ա խորանալու» տրամաբանությամբ:

Վերջում հիշեցնենք, որ այսօր, ժամը 11-ից, Կառավարության շենքի մոտ կրկին  հավաքվելու են մարդիկ՝ պահանջելու, որ «Ամալյա Նազարեթյանին՝ իր իրավունքների, իր բաժին արևի լույսի համար պայքարած յոթանասնամյա մանկավարժին, ԱՆՀԱՊԱՂ ազատ արձակեն հոգեբուժարանից»։

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. Եթե Մոուրինյոն նվաճեր Չեմպիոնների լիգան, ապա կմնար «Ռեալում»’
Հաջորդ հոդվածը‘Կաշառք ստանալու պահին զինկոմիսարիատի աշխատողներ են ձերբակալվել’