‘Դերոն դատի է տալու Լյուդմիլա Սարգսյանին. Մամուլ’

1345

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ վիրավորված է Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ Բանն այն է, որ տիկին Սարգսյանը, կարելի է ասել, քրեական հանցագործության մասին հաղորդում է տվել «Առավոտի» դեկտեմբերի 19-ի «Պետական պատվե՞ր, թե՞ համակարգված ատկատ» հրապարակմամբ և նշել, որ պետական պատվերի տրամադրման գործընթացը վերից վար թաթախված է կոռուպցիայի մեջ։

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանի ուսումնասիրությամբ՝ «Ըստ ներքին շրջանառության ինֆորմացիայի՝ ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում։ Այսինքն՝ եթե ինչ-որ բուժհաստատության տրամադրվում է, օրինակ, 100 մլն դրամի պետական պատվեր, ապա մինչև նրա հետ պայմանագիր կնքելը՝ նախարարությունից նրան նախապես տեղյակ են պահում, որ 5-10 մլն դրամ նա պետք է բերի և կանխիկ վճարի համապատասխան սուբյեկտներին։ Իսկ եթե բուժհաստատությունը հրաժարվում է դրանից, ապա հիմնականում նրա հետ չեն կնքում պետական պատվերի պայմանագիր։ Որոշ բուժհաստատություններ իրենց մի քանի միլիարդը (3-4 մլրդ) ստանում են իրենց կապերի շնորհիվ, որոշ բուժհաստատություններ՝ ատկատների շնորհիվ, որոնք հիմնականում վճարվում են առողջապահության նախարարության բարձրաստիճան չինովնիկներին, իսկ որոշներն էլ (հիմնականում մարզային բուժհաստատությունները) ստանում են խղճուկ գումարներ»։

Տիկին Սարգսյանի այս հոդվածը կարդալուց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ինչպես ասել է «Առավոտի» հետ զրույցում, շատ է զարմացել. «Որովհետև նման երևույթ ուղղակի գոյություն չունի»։ Ինչպե՞ս է հնարավոր ապացուցել, որ նման երևույթ գոյություն չունի՝ մեր այս հարցադրմանը նախախարն էլ իր հերթին հարցադրում արեց. «Իսկ ինչպե՞ս կարող է տիկին Լյուդմիլան ապացուցել, որ նման բան կա։ Ես բացառում եմ, որ այս խնդիրը կա, հատկապես, որ խոսքը վերաբերում է նախարարին, նախարարությանը և պետպատվերի տեղադրմանը»։ Դումանյանը կասկածի տակ է դրել, որ անցյալում, իրենից առաջ եղած նախարարների ժամանակ, գուցե և եղել է, բայց ինքը եկել է ու բացառել այդ երևույթները։ Նախարարի խոսքերով՝ «Միգուցե Լյուդմիլա Սարգսյանին այս թեմայով կոնսուլտացիաներ անողների ժամանակ այս խնդիրը մեխանիզմներ է ունեցել և դրված է եղել»։

Նախարարը վստահեցրեց, որ անպայման դատի է տալու տիկին Սարգսյանին. «Եթե նա հրապարակավ ասել է, ես էլ հրապարակավ դատի եմ տալու իրեն, որպեսզի պատգամավորը նաև պատասխանատու լինի իր խոսքի համար, ոչ թե ինչ մտքովն անցնի՝ ասի։ Ինքը քաղաքական գործիչ է, ինքը մասնագետ չէ, բայց եթե նա մասնագիտական հարց է բարձրացնում, մարդը, որը պատգամավոր է, որը առողջապահության հանձնաժողովից է, մարդ, որին հարգել եմ, ու որի հետ համակարգային տարբեր հարցեր ենք քննարկել, երբևիցե նման հարց չի բարձրացրել ինձ մոտ։ Ես ամենապատասխանատու ձևով ասում եմ՝ նման բաները բացառվում են» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Շուշան Պետրոսյանը’
Հաջորդ հոդվածը‘Ինչ է լինում, երբ ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր. Մամուլ’