‘Դերոն մինչև հիմա խոստանում է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ’

984

Դերենիկ Դումանյան. 2014 թվականի հիմնական խնդիրները կլինեն բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու պայքարն ընդդեմ կոռուպցիայի

2014 թվականի հիմնական խնդիրները կլինեն բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու պայքարն ընդդեմ կոռուպցիայի: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հունվարի 29-ի մամուլի ասուլիսում, հավելելով, որ տարվա ընթացքում այդ ուղղություններով կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, նախարարի ասելով, 2014  թվականը Հայաստանի համար կդառնա առողջ կենսակերպի տարի: Ըստ նախարարի, այդ ծրագիրը կիրագործվի մի քանի ուղղություններով: Մասնավորապես, օրենսդրական նախաձեռնության համաձայն, կտարվեն ալյուրը միկրոտարրերով հարստացման աշխատանքներ, որոնց պակասը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, դիտվում է բնակչության սննդում:

Նախատեսվում է այս տարի 6 ամբուլատորիա կառուցել մարզերում, որոնցից 3-ը` Տավուշի մարզում: 2014 թվականին կավարտվի բուժկենտրոնների կառուցումը Բերդում և Կապանում, հիվանդանոց կկառուցվի Ճամբարակում, սկսվել են ԲԿ շինարարական աշխատանքները Վանաձորում և Մեղրիում: Բացի այդ, ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունք ստեղծելու նպատակով Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնում կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարի ասելով, այս տարվանից կմեկնարկի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգի ծրագիրը: Խոսքը վերաբերում է դիաբեթին, օնկոլոգիական և սիրրտ-անոթային հիվանդություններին:

Դումանյանն անուշադրության չի մատնել նաև առողջապահության ոլորտի ձեռքբերումները 2013  թվականին: Մասնավորապես, օրենսդրական բարեփոխումների շնորհիվ անցյալ տարի առաջին անգամ կիրառվել է անմիջականորեն արտադրողից դեղամիջոցների պետական գնումների  մեխանիզմը: Այդ ոլորտի առաջին փորձը 3.60 դոլարով ինսուլիսի գնումն էր` նախկին 12 դոլարի փոխարեն, ինչը թույլ է տվել 600 մլն դրամ բյուջետային միջոց խնայել` տարեկան կտրվածքով: Դումանյանի հավաստմամբ, ինսուլինի կարիք ունեցող հիվանդները 100 տոկոսով ապահովված են այդ պատրաստուկով:

Բացի այդ, իրականացված վերահսկողության արդյունքում նախորդ տարվա 10 ամիսներին վճարովի բուժծառայություններից շահույթն ավելացել է 32.1 տոկոսով` 2012   թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 25.652.0 մլն դրամ: Նախարարը ոչ պակաս կարևոր է համարել նաև վերահսկողությունը դեղորայքի և բժշկական միջոցների գնումների ոլորտում:

Նշենք նաև, որ ինչպես բազմիցս նշվել է, առողջապահությունը Հայաստանի ամենակոռումպացված երեք ոլորտներից մեկն է և նախարարը կոռուպցիայի դեմ պայքարի խոստումների փոխարեն բավական ժամանակ ուներ այդ կոռուպցիան իր ղեկավարած ոլորտում արմատախիլ անելու համար: Բայց, քանի որ արդեն 2014  թվականն է,  բայց Դերենիկ Դումանյանը դեռ միայն խոստումներ է տալիս, կարելի է ենթադրել, որ Դերոն շարունակելու է խոստումներ տալ մինչև իր պաշտոնավարման ավարտը, իսկ մյուս նախարարը անպայման պետք է դիմի դատախազություն, որը և պետք է պարզի, թե ինչու նախարարը չէր պայքարում կոռուպցիայի դեմ: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին և նրա փաստաբանին ծանուցել են քրգործի ավարտի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ` 77-ամյա հայ գերուն այցելելու համար’