ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտվել բրիտանացիները և մարոկկացին

433

Ռուսաստանամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկում դատավճիռ է կայացվել Ուկրաինայի կողմում կռված և գերի ընկած երկու բրիտանացիների և մի մարոկկացու նկատմամբ։ Երեքն էլ դատապարտվել են մահապատժի։

Դատարանը բրիտանացիներ Շոն Փիններին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Սաադուն Բրահիմին մեղավոր է ճանաչել վարձկանության, իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործունեություն ծավալելու նպատակով ուսուցում անցնելու մեջ։

Երեք դատապարտյալները Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են, որոնք պայմանագիր են ստորագրել դեռ մինչև ռուսաստանյան ներխուժումը։ Նրանք Ուկրաինայում են ապրել առնվազն մի քանի տարի, նրանցից մեկը ուկրաինական անձնագիր ունի։

Դատավարությունը չափազանց կարճ է տևել  և լրագրողներին հասանելի չի եղել։ Դատարանից ստացվող բոլոր լուրերը հայտնվել են ռուսաստանյան պետական ԶԼՄ-ներում։

Բրիտանիայի իշխանություններն ավելի վաղ ԴԺՀ-ին կոչ են արել «գթասրտություն ցուցաբերել» գերության մեջ հայտնված բրիտանացիների հանդեպ, իսկ երկրի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը խոստացել է բոլոր հնարավոր գանգատները ներկայացնել դատավճիռը բողոքարկելու համար։ Շոն Փիններն ու Էյդեն Ասլինը Բորիս Ջոնսոնին խնդրել են օգնել իրենց փոխանակելու քաղաքական գործիչ և գործարար Վիկտոր Մեդվեդչուկի հետ, որն այս պահին կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿոնգրեսականներ․ Թրամփը մեղավոր է Կապիտոլիումի գրոհի հարցում
Հաջորդ հոդվածըՈւիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը ռեկորդային կլինի