‘ԴԺՀ-ում քննադատել են Կիեւի՝ Ռուսաստանի սահմանին խաղաղապահներ հրավիրելու գաղափարը’

1206

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարությունը հայտարարել է այն մասին, որ ծայրաստիճան բացասական են վերաբերում Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին միջազգային խաղաղապահներ հրավիրելու գաղափարին: Ինչպես նշել է կոնտակտային խմբում բանակցություններում ԴԺՀ լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, խաղաղապահների հայտնվելը մինսկյան պայմանավորվածությունների խախտում կլինի:  

Դոնբասում խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունը վաղաժամ է համարում նաեւ ԴԺՀ ժողովրդական խորհրդի ղեկավար Անդրեյ Պուրգինը: Նրա խոսքերով՝ եթե անգամ անհրաժեշտ են խաղաղապահներ, ապա միայն ռուսական: 

«ԵԱՀԿ այժմ կատարում է ստուգողական ֆունկցիաներ: Դա վաղաժամ միջոց է»,- ասել է Պուրգինը:

Ավելի վաղ Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին միջազգային կոնտինգենտ հրավիրելու Կիեւի գաղափարը մեկնաբանել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Նա ասել էր, որ կիեւյան ղեկավարության այդօրինակ հայտարարությունները կասկածի տակ են դնում Ուկրաինայի իշխանությունների՝ մինսկյան պայմանավորվածությունները կատարելու մտադրությունը:

Նախօրեին, փետրվարի 18-ին, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ խաղաղապահ ուժեր են անհրաժեշտ, որոնք կգտնվեն շփման գծում եւ ուկրաինական սահմանի հատվածում, ու չեն վերահսկվի Կիեւի կողմից: Տուրչինովը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան կպաշտպանի  Ուկրաինայում խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու հարցով ՄԱԿ եւ ԵՄ դիմելու որոշումը:  

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը գաղտնի փոփոխություններ կատարել Որոտանի Կասկադի վաճառքի պայմանագրում’
Հաջորդ հոդվածը‘NASDAQ-Արմենիան ցուցակեց ՎԶԵԲ՝ ՀՀ դրամով արտահայտված երրորդ թողարկման պարտատոմսերը’