‘Դիլիջան միջազգային դպրոց. Փողերի լվացման միջո՞ց, թե զարգացման ծրագիր ‘

2455

Ազգային ժողովում այսօր շարունակվում էր «Դիլիջան միջազգային դպրոց» ծրագրին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ օրինագծի վերաբերյալ քննարկումները: 
Կառավարության ներկայացրած օրինագծով՝ մասնավորապես, ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից, կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից, կազմակերպությունների զուտ շահույթը մինչեւ հարկումը ազատվում է շահութահարկով հարկումից:
Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները կառավարությունից փաստարկներ էին պահանջում, որոնք կհիմնավորեին հարկային արտոնությունների տրամադրումը: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ չէ օտարերկրյա ներդրումներին, նկատեց, որ կառավարությունը հարկային արտոնություններ է ակնկալում մի ծրագրի համար, որը չի ներկայացվում: «Ես չեմ վստահում «Ամերիաբանկին», կարող է՝ մտածում եմ, որ սա փողերի լվացման միջոց է: Լրիվ հիմք ունեմ մտածելու, փորձեք փարատել»,- նշեց նա: 
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր հերթին հայտարարեց, դեմ է, օրենքի նախագծին նույն պատճառով: «Ոչ մի օլիգարխ նման բան թույլ չի տվել իրեն: Թող հաշվեն ինչ ուսուցիչներ ու դասախոսներ են բերելու, հետո նոր մեր բերանի ջրերը վազեն: Հազար ու մի հարցեր են առաջանում՝ ընդհուպ մինչև փողերի լվացում: ԱԺ-ն իրավունք չունի օրենք ընդունել՝ չիմանալով ինչի մասին է այն: Եթե բիզնեսն ի սկզաբանե ճիշտ չի դրված, չի կարող կայուն լինել»,- ասաց Բագրատյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ, ըստ էության, շահույթ հետապնդող կազմակերպությանը հարկային արտոնություններ տրամադրելը նշանակում է, որ պատգամավորներին ներքաշում են կոռուպցիոն գործարքի մեջ: «Սա ավանտյուրա է, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը: Բազմիցս կառավարության հետ խոսել ենք, որ արտոնություններ տրամադրեն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, բայց մերժվեց՝ ասելով, որ բոլորի համար պետք է հավասար պայմաններ լինեն», — նշեց Զարուհի Փոստանջյանը՝ հորչդորելով պատգամավորներին օրինագծին դեմ քվեարկել և պահանջել, որ կառավարությունը ներկայացնի ծրագիրն ու ժամանակացույցը:
Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կողմ է ներդրողին արտոնություններ տրամադրելուն, միեւնույն ժամանակ նշեց, որ կառավարությունն է պատասխանտու հարկային քաղաքականության համար եւ «եթե կառավարությունը պարտավորություն է վերցնում, որ սա բյուջեի եւ երկրի համար լավ նախագիծ է, ապա ԱԺ-ն պարտավոր է քննարկել եւ համաձայնություն տալ: « Պետք է հետամուտ լինել և հստակ պարզել, թե ինչ շինարարական նյութեր են օգտագործվելու, բայց կազմակերպություններն էլ իրենց հերթին արտոնություններ են ուզում ներդրում կատարելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ միջազգային դպրոցի շինարարությունն իրականացվում է կրթության մասին օրենքի շրջանակներում։ ՀՀ խորհրդարանը արտահերթ կարգով 2011-ի դեկտեմբերին  «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում ուղղումներ մտցրեց, որոնք որոշ դեպքերում դպրոցներում օտար լեզվով հանրակրթական ուսուցում են նախատեսում։ Ըստ նոր օրենքի, Հայաստանում ենթադրվում է 11 նման դպրոցներ ստեղծել, որից 9–ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկուսը կլինեն մասնավոր։ 
Հայտնի է, որ «Դիլիջան միջազգային դպրոցում» դասավանդումն ընթանալու է անգլերեն լեզվով:
Այսօր դպրոցի տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով դպրոցի մասին հիմնական փաստերը: Հայտարարության հեղինակները շեշտում են, որ Դիլիջանում ստեղծվելու է «ոչ թե օտարալեզու, այլ միջազգային դպրոց»:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը` տիկնոջ հետ: Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Վերջերս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և ֆինանսական տնօրեն 
Մանֆրեդ Շեփերսը:

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ $30 հազար, սակայն աշակերտների 70%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը: Բացի դրանից սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների տոկոսը կկազմի մոտ 30%։

Դիլիջանի միջազգային դպրոցը հնարավորություն կտա աշակերտներին շարունակելու կրթությունը աշխարհի առաջատար համալսարաններում: Դպրոցում կիրառվելու են
լավագույն միջազգային կրթական ծրագրերը.

— IB Diploma (Միջազգային բակալավրիատ) 16-ից 19 տարեկան աշակերտների համար՝ նախահամալսարանական կուրս: Այս ուսումնական ծրագիրը կսկսի գործել 2014 թվականից;
— Cambridge IGCSE (միջնակարգ կրթության մասին միջազգային ատեստատ) 13-ից 16 տարեկան աշակերտների համար; Այս ուսումնական ծրագիրը կսկսի գործել 2017 թվականից։

Սպասվում է, որ ս.թ. հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա United World Colleges (UWC) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրներից: United World Colleges համակարգը ներկայումս ներառում է 12 ուսումնական հաստատություններ ողջ աշխարհում, որոնք ամեն տարի հյուրընկալում են տարբեր ազգության երիտասարդների: Նրանց ընտրությամբ զբաղվում է ազգային հանձնաժողովների ցանցը 140 երկրներում:

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատվել է Քոլին Ջենքինսը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում և Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:

Դիլիջանի միջազգային դպրոցը ծավալուն բարեգործական նախաձեռնություն է ավելի քան $135 մլն (առանց հարկերի) բյուջեով միայն կապիտալ շինարարության համար։ Ընդ որում, շինարարության առաջին փուլի՝ IB ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը կկազմի $82 մլն, երկրորդ փուլի՝ IGSCE ծրագրի համար անհրաժեշտ կառույցների արժեքը՝$15 մլն, իսկ երրորդ փուլում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում լավագույն բեմարվեստի կենտրոնը, որի արժեքը կկազմի $40 մլն:

Դպրոցի գործառնական ծախսերի գերակշիռ մասը ֆինանսավորվելու է նվիրատվությունների հիմնադրամի հաշվին։ Դպրոցի տարեկան գործառնական ծախսերը (2014 թ. սկսած) կկազմեն $3 մլն, և մոտակա 10 տարվա ընթացքում կաճեն մինչև $12 մլն., որոնց մեծ մասը (60%ը) կիրացվի Դիլիջանում։

Բացի շինարարության համար նախատեսված ծախսերից, ծրագրվում է հիմնել նվիրատվությունների հիմնադրամ (endowment fund), որի տոկոսային եկամուտները կուղղվեն կրթաթոշակների, գործառնական ծախսերի, դպրոցի զարգացման համար: Աշակերտների 70%-ին կրթաթոշակենրով շարունակական ապահովելու համար նախատեսվում է այդ հիմնադրամ հավաքագրել $250 մլն։

Հիմնադիրներից բացի, ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբ՝ Գագիկ Ադիբեկյան, Զիյավուդին Մագոմեդով, Օլեգ Մկրտչյան, Վիկտոր Վեկսելբերգ, Անդրեյ Դոնսկիխ, Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Մարկ Կուրցեր, Դանիլ Խաչատուրով, Մայքլ Օբերմայեր, Անատոլի Չուբայս, Սամվել Կարապետյան, Անդրեյ Շառոնով, Սերգեյ Սարկիսով և ուրիշներ։

Դպրոցի շենքը, բացի ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից, ներառում է նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի կենտրոն, գիտա-փորձարարական համալիր և բժշկական կենտրոն: Բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի կողմից մշակված ծրագիրն ընդհանրացրել է աշխարհի՝ վերջին 20 տարիներին կառուցված ավելի քան 40 դպրոցների փորձը: Այն իրականացվում է համաշխարհային բարձրագույն չափանիշների ու տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք գործածվում են դպրոց-համալիրների շինարարության համար: Շինարարության մեջ օգտագործվում են նորագույն նյութեր և տեխնոլոգիաներ, որոնց մեծ մասը նախկինում Հայաստանում չի կիրառվել: Թիմ Ֆլինը փորձել է Դիլիջանի շինությունների ավանդական ոճին համադրել ժամանակակից ճարտարապետական միտումները: Դպրոցի շենքը, որը սահմանակից է Ազգային պարկին, օրգանապես համապատասխանում է լանդշաֆտին: Շենքերի տանիքները ծածկված են կանաչ գազոնով և հիշեցնում են ալպիական մարգագետիններ, որոնցով հայտնի է Դիլիջանը:

«Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը տեխնիկական հանձնարարական է մշակում Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակելու նպատակով միջազգային մրցույթ հայտարարելու համար: Հիմնադրամը նաև նախատեսում է վերանորոգել Դիլիջանի քաղաքային այգին՝ մշակութային և այլ միջոցառումներ անցկացնելու համար: Բացի այդ, հիմնադրամը ֆինանսավորում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար անգլերեն լեզվի դասընթացներ անցկացնելու համար»։

 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային մրցավարները պայմանավորված խաղի դիմաց համաձայնել էին օգտվել սեքս-ծառայություններից’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Չինովնիկները պետբյուջեում փայ են մտնում ‘