‘Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’

920

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր՝ հունիսի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Դան Խարվեյը /Իռլանդիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Իլհամի Դեղիրմենչիօղլուն /Թուրքիա/:
Մինչ դիտարկման սկիզբը արձանագրվել են կրակոցներ ադրբեջանական կողմից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ, սակայն դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Միաժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘Քառյակը հրապարակեց 12 պահանջները (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վաճառելով համալիրը` ցանկանում են թաքցնել հանցավոր հետքերը’