‘Դի Մատեո. «Մտադիր ենք հաղթել «Ռեալին», սակայն հասկանում ենք` որքան հզոր մրցակից ունենք»’

978

«Շալկե 04»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Ռեալի» հետ այսօր տեղի ունենալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Դի Մատեոն նշել է, որ անկախ մրցակցի հզորությունից` իր թիմը ձգտելու է հաղթանակի:

«Բնականաբար, մենք մտադիր ենք հաղթել, սակայն հասկանում ենք` որքան հզոր մրցակից ունենք: Ամեն դեպքում ձգտելու ենք առավելության հասնել: Իհարկե, «Ռեալը» ֆավորիտ է, սակայն մենք նման հանդիպումների մասնակցելու փորձ ունենք: Հույս ունենք` դա կօգնի: Բոլորս տեսանք, որ վերջին շաբաթների ընթացքում երևացին «Ռեալի» թույլ կողմերը: Պետք է մեր ուժերը կենտրոնացնենք այդ թերություններից օգտվելու համար»,-Դի Մատեոյի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: 

Ռոբերտո Դի Մատեոն նաև իր կարծիքն է արտահայտել «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուի մասին:

«Համոզված եմ` բոլորս նույն կարծիքն ունենք Ռոնալդուի մասին: Այս ֆուտբոլիստը կարող է միայնակ վճռել խաղի ելքը: Նրա դեմ խաղալու համար պետք է համախմբվի ամբողջ թիմը: Գուցե նա այժմ առաջվա պես չի փայլում, բայց կարող է ազդել խաղի ելքի վրա»,-ասել է մարզիչը:

Նախորդ հոդվածը‘ «Goal.com». Դրոգբան Մոուրինյոյի տրամադրության տակ եղած հարձակվողներից լավագույնն է ‘
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյանը կրկին առաջադրվել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին ‘