‘Դմիտրի Ադբաշյան. ԼՂՀ-ում օդաչուների պատրաստման ուսումնական կենտրոն է ստեղծվում’

934

ԼՂՀ-ում օդաչուների պատրաստման ուսումնական կենտրոն է ստեղծվում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմրիտրի Ադբաշյանը:

Նա նշել է, որ իրեն, որպես մասնագետի, չի գոհացնում ներկայիս օդաչուների պատրաստության մակարդակը, քանի որ նրանք կրթություն են ստանում համակարգչային ծրագրով, որը մեծապես զիջում է իսկական ինքնաթիռներով վարժություններին, ինչի առնչությամբ կարող են ավիավթարներ տեղի ունենալ: «Պատահում է, որ օդաչուն, պարզապես, չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, նման օդաչուներին մենք անվանում ենք «համակարգչային տղաներ», համապատասխանաբար, անհրաժեշտ են գործնական պարապմունքներ, որոնք կարող են իրականացվել այդ կենտրոնում, Ստեփանակերտի օդանավակայանում»,- նշել է նա: Ադբաշյանն ընդգծել է, որ Կենտրոնը ծառայություններ կտրամադրի վճարային հիմունքով` ըստ պետպատվերի: «ԼՂՀ-ում ավիացիոն սպորտի ավանդույթ չկա, սակայն դա կարելի է շտկել»,- եզրափակել է նա:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին և ընդունում էր, հիմնականում, Երևանից և Բաքվից չվերթներ: Ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլի առնչությամբ 1992 թվականից օդանավակայանը պարապուրդի էր մատնվել, իսկ 2008 թվականից սկսվեց օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը: Ընդլայնվել և բարեկարգվել են թռիչքուղիները, ինքնաթիռների վայրէջքի անվտանգությունն ապահովելու նպատակով «կտրվել են» որոշ մերձակա բլուրների գագաթներ: Արգենտինացի բարերար Էդուարդո Եռնեկյանը Ստեփանակերտի օդանավակայանի համար ինքնաթիռ է ձեռք բերել:

 

Նախորդ հոդվածը‘Ադբաշյան. Ստեփանակերտի օդանավակայանը միջպետական ավիաչվերթեր չի իրականացնում’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ոստիկանի կողմից անչափահաս հետիոտնին վրաերթի ենթարկելու առթիվ հարուցված քր. գործը’