‘Դմիտրի Հարությունյանի փաստաբան. Տուժող ոստիկանի դեմքին անգամ որևէ բիծ, կապտուկ կամ այտուցում չկա’

1175

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգել է երեկ ձերբակալված ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը՝ մինչև վաղն առավոտյան ժամը 10:00:

Ինչպես տեղեկացրել է ակտիվիստի շահերը ներկայացնող փաստաբան Լուսինե Սահակյանը, այսօրվա դատական նիստի շրջանակներում Դմիտրի Հարությունյանի փաստաբանները դատարանին միջնորդել են տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, ինչպես նաև նյութերի ուսումնասիրման համար ժամանակ հատկացրել մինչև վաղը:

«Դմիտրի Հարությունյանն անհիմն կերպով մեղադրվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու  մեջ: Մինչդեռ կան բազմաթիվ ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել: Ընդամենը Արաբկիրի քննչական մարմինն ունի, այսպես կոչված, տուժող ոստիկանի ցուցմունքն ու իբրև վկա հանդես եկող ևս մեկ ոստիկանի վկայությունը: Չեն կարողանում տրամաբանական պատճառահետևանքային կապի մեջ ներկայացնել դեպքերի ընթացքը, ինչը վկայում է այն մասին, որ բացահայտ ապօրինի կերպով մարդը ենթարկվում է հալածանքի»,- այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ ի պաշտպանություն Նախախորհրդարանի անդամ, ռազմական բժիշկ 32-ամյա Դմիտրի Հարությունյանի ակցիայի ժամանակ հայտնեց պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը:

Ակտիվիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

Նշենք, որ ակտիվիստը հրաժարվել է ցուցմունք տալ որպես կասկածյալ. «Ես ինձ բացատրված կասկածանքի հետ համաձայն չեմ, քանի որ երբևէ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն չեմ գործադրել», — նշել է Դ. Հարությունյանը ձերբակալման մասին արձանագրության մեջ:

Օգոստոսի 31-ի առավոտյան 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանին ոստիկանները փորձել են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ վերջինս իր ընտանիքի հետ գտնվում էր հյուրի կարգավիճակում:

Քաղաքացիական համազգեստով ոստիկանները չեն ներկայացել և որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել՝ հաստատելու համար իրենց գործողությունների օրինականությունը, փոխարենը՝ ամբողջ գիշեր անհանգստացրել են:

«Գիշերվա 1-ից մինչև առավոտյան 8-ը 6 անհայտ անձինք փորձ են կատարել ներխուժել մեր ընկերոջ բնակարան, սպառնալիքներ և հայհոյանքներ են տրվել իմ, ամուսնուս և մեր 2 տարեկան աղջկա հասցեին: Առավոտյան 5-ի սահմաններում հարձակվող անհայտ անձանցից մեկը փորձ արեց պատուհանից ներս մտնել մեր մանկահասակ երեխայի սենյակ: Սակայն դիմադրության հանդիպեց (ինձ հաջողվեց միանգամից փակել պատուհանը), արդյունքում, սակայն, տուժեց իմ երեխան. նա վայր ընկավ և նյարդային վիճակում էր ընդհուպ մինչև 10:00», -երեկ իր տարածած հայտարարության մեջ ոստիկանների գիշերային անօրինական գործողություններից մանրամասներ է ներկայացրել ակտիվիստի կինը՝ Ելենա Կոժեմյակինան:

Առավոտյան, երբ ամեն ինչ հանդարտվել է, Դմիտրիի կնոջ՝ Ելենա Կոժեմյակինայի պնդմամբ՝ նույն ոստիկաններն արդեն համազգեստով և բերման ենթարկելու համապատասխան որոշմամբ կրկին ներկայացել են Հրաչյա Միրզոյանի տուն և Դմիտրի Հարությունյանին տարել են Երևան քաղաքի ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկանությունում Դմիտրի Հարությունյանին ծանուցել են այն մասին, որ վերջինս հարուցված ՔՕ  316  հոդվածի հատկանիշներով գտնվում է կասկածյալի կարգավիճակում: Պարզաբանվել է, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած քաշքշոցների ժամանակ Դմիտրի Հարությունյանը ենթադրաբար հարվածել է մի ոստիկանի, և կա բողոքը:

Փաստաբան Արմինե Հարությունյանի համոզմամբ՝ ակնհայտ շինծու և կեղծ մեղադրանքներ են, քանի որ «այսպես ասած,  տուժող ոստիկանի դեմքին անգամ որևէ բիծ, կապտուկ կամ այտուցում չկա»:

Աղբյուրը՝ lragir.am

Նախորդ հոդվածը‘Շուրջ 20 գրոսմայստերներ հորդորում են չկալանավորել ակտիվիստ Դմիտրի Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Երևանի մետրոպոլիտենը համալրվել է արդիականացված վագոններով’