Դոկտոր Կոմարովսկին հայտարարել է, որ Զելենսկին իրեն օգտագործել է փիառի համար

398

Ուկրաինացի հայտնի մանկաբույժ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն օգտագործել է զուտ սեփական փիառի համար։

Ուկրաինայի նախագահի թեկնածու եղած ժամանակ Զելենսկին ներկայացրել էր իր թիմի անդամներին, որոնց թվում էր նաև Կոմարովսկին։ Այն ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում բժիշկ Եվգենի Կոմարովսկին կհամակարգի բժշկական ուղղությունը երկրում։ Սակայն հաղթանակից հետո բժիշկն այդ պաշտոնը չստացավ։

Կոմարովսկին պատմել է, որ երբ 2010 թվականից հայտնվեց իր «Բժիշկ Կոմարովսկու դպրոցը» հաղորդաշարը, և ինքը ճանաչված մարդ դարձավ, մեծ թվով քաղաքական գործիչներ և քաղաքական ուժեր ցանկանում էին, որ ինքը նրանց հետ լինի։

«Ընդ որում՝ նրանք չէին թաքցնում․ ինձնից ընդամենը պահանջվում էր լուռ կանգնել իրենց կողքին։ Նրանց ոչ թե իմ հայացքներն էին հետաքրքրում, այլ բացառապես իմ հռչակը։ Այնպես որ Վլադիմիր Զելենսկին ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Ես հույս ունեի, թե այն մարդը, որի հետ ես բարեկամական հարաբերություններ ունեի, բացառություն կլինի։ Բայց նա բացառություն չեղավ։ Նա ինձ օգտագործես բացառապես փիառի նպատակով»,- ասել է Կոմարովսկին «Украинская правда»-ին տված հարցազրույցում։

Խոսելով այն մասին, թե հիմա ինչ հարաբերոթյուններ ունի նախագահի հետ, Կոմարովսկին ասել է․ «Ես նրան պարբերաբար տեսնում եմ հեռուստացույցով»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավամերիկյան հավաքականները պաշտոնապես դեմ արտահայտվեցին ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 2096 դեպք, 43 մահ