‘Դոնալդ Թրամփը կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար’

949

Միլիարդատեր և Հանրապետական կուսակցության կողմնակից Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչու է ուզում պայքարել 2016 թ. նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար, տեղեկացնում է The Washington Post-ը:

«Բոլորը մտածում են, թե ես դա անում եմ հաճույքի համար կամ էլ՝ որովհետև դա լավ է իմ բրենդին: Բայց ոչ, զվարճանքի մասին խոսք չի կարող լինել: Ես դա անում եմ ոչ թե հաճույքի համար, այլ՝ քանի որ երկիրը փորձանքի մեջ է հայտնվել»,- հարցազրույցի ընթացքում հայտարարել է ամերիկացի մագնատը: «Ամբողջ աշխարհում մարդիկ ծիծաղում են մեզ վրա: Չինաստանին նայեք, նրանք պարզապես «սպանում» են մեզ՝ աշխատատեղերն են վերցնում: Մենք խնդիրներ ունենք Մերձավոր Արևելքում և «Իսլամական պետության» հետ կապված: Մեր երկիրը ղեկավարում են ոչ իրազեկ մարդիկ, ու այդ ամենից ես հոգնել եմ»,- ընդգծել է ձեռներեցը:

Սակայն հանրապետականներից շատերը թերահավատորեն են վերաբերվում Թրամփի նախագահական հավակնություններին: Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուներն են ԱՄՆ նախկին նախագահի եղբայր, Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը և Նյու-Ջերսի նահանգի ղեկավար Քրիս Քրիստին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը իրեն համարում է միակ թեկնածուն, որն ի վիճակի է ԱՄՆ-ին վերադարձնել «անցյալի փառքը»: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը դատապարտել են Սիրիայում քրիստոնյաների զանգվածային առևանգումները’
Հաջորդ հոդվածը‘Brit Awards-ում ելույթ ունենալիս Մադոննան ընկել է աստիճաններից (Տեսանյութ)’