‘«Դուք կփոխեի՞ք Ձեր բոլոր ֆիլմերը մեկ շիշ գարեջրի հետ». Հրաչ Քեշիշյանի հետ ասուլիսը չկայացավ’

1974

Այսօր «Ազատություն» ռադիոկայանը նախատեսում էր «Ֆեյսբուքյան ասուլիս» անցկացնել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել ասուլիսին՝ նպատակահարմար չհամարելով պատասխանել օգտատերերի հարցերին՝ հետագայում իր որոշումը բացատրելով հետևյալ կերպ.

«Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երևի Ազատությունը ևս, էժանագին մոդայի ետևից ընկնելով, փորձում է վարկանիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երևի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դեֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի, այսպես ասած, օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն, ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ ինչպես հաճախ լինում է «Ֆեյսբուքյան ասուլիսներին» հրավիրված իշխանամետ հյուրերի հետ, նրանց ուղղվում են հեգնանք պարունակող հարցեր, կամ պարզապես օգտատերերը իրենց վերաբերմունքն են արտահայտում հյուրի նկատմամբ:

Մեջբերենք մի քանի հարց՝ Հրաչ Քեշիշյանին.

«Ճի՞շտ է, որ ներկայումս Մել Գիբսոնի հետ միասին աշխատում եք «Լֆիկի Չարչարանքները» ֆիլմի վրա՝ որպես «Քրիստոսի Չարչարանքները» ֆիլմի ուղիղ սիքուել»:

«Ես լավ գիտեմ, որ կինոն Ձեզ համար պարզապես փող վաստակելու միջոց է, և ՎԵՐՋ: Այստեղ հարց է առաջանում` չեք ամաչում? :Ճ»:

«Հրաչ, ինչու է դեւը միշտ հային, ռուսին ու վրացուն բռնում?»:

«Ինչո՞ւ չեք ծառայել Հայոց բանակում, ո՞ր հոդվածով եք ազատվել ծառայությունից (ուսման պատճառաբանությունը չի ընդունվում` կենսագրությունից հայտնի է): 

«Հրաչ, ինչի չեք նկարում ֆիլմ Գալուստ Սահակյանի մասին՝ «Հալածված Փիլիսոփան» վերնագրով»:

«Ճի՞շտ են լուրերն այն մասին, որ Դուք նկարելու եք հայ ազգի զավակ Ալեքսանդր Սարգսյանի կյանքին ու գործունեությանը նվիրված «Մարդը փայի մեջ» կիսամետրաժ ֆիլմը»:

«Ի՞նչ սկզբունքով եք ընտրել Գարեգին Նժդեհի դերակատարին?: Չեք կարծում որ այդ դերը ամենից լավ կկատարեր Սերժ Սարգսյանը? դիմել եք նրան նման խնդրանքով, թե միայն նա է Ձեզ դիմում ?»:

 

Եվ վերջում ներկայացնենք «Ազատություն» ռադիոկայանի պարզաբանումը.

«Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ձևաչափը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին հյուրի՝ մեր ուղիղ եթերում պատասխանելն է: «Ազատություն»-ը տվյալ դեպքում չի որոշում հարցի բովանդակությունը, այդ թվում՝ դրա սրությունը կամ դրանում առկա հեգնանքը, այլ ընդամենը հետևում է, որպեսզի այն չպարունակի անձնական վիրավորանք, սպառնալիք, բռնության կոչ և այլ արտահայտություններ, որոնք թվարկված են մեր կանոնակարգում: Նման արտահայտությունների առկայության դեպքում հարցերը ջնջվում են մեր կողմից:

Լինում են նաև հարցեր, որոնք թեև Facebook-ում չեն ջնջվում մեր կողմից, սակայն չեն էլ հնչեցվում եթերում, քանի որ, չհակասելով հանդերձ մեր կանոններին, չեն առնչվում հաղորդման հյուրին կամ նրա գործունեությանը»:

Նախորդ հոդվածը‘Մոսկվան անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում’