‘Դպրոցը սպանում է ազատ եւ արժանապատիվ երեխային’

4823

«Շատ քչերն են իրենց երեխաների հետ զրուցում այսօր. մեծամասնությունը բոլոր կարեւոր զրույցները հետաձգում է վաղվան»:

                                                         Ջոնաթան Սվիֆթ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում ընթացող քննարկումները, վիլնյուսյան իրադարձություններից հետո, մեկ էլ ամենաշատը` Երևանի 71-րդ դպրոցի 6-րդ «բ» դասարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ են պտտվում:

Այս դասարանում սովորող երեխաների ծնողները, ուշադրություն` ծնողնե՛րը, ոչ թե երեխաները կամ ուսուցիչները, դասադուլ են հայտարարել և արդեն մի քանի օր է՝ իրենց երեխաներին թույլ չեն տալիս հաճախել դպրոց: Պատճառն այն է, որ դասարանի նորեկ Հարությունն, իբր, ծեծում եւ ահաբեկում է մյուս երեխաներին: Պահանջն էլ հայտնի է. կամ Հարությունը պիտի հեռանա դպրոցից, կամ՝ իրենք:

Ասում ենք` իբր, որովհետեւ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված տեսանյութում, օրինակ, իրենց երեխաներին առաջին պլան մղած եւ հրապարակային խոսքից վախեցող, թե կաշկանդվող ծնողներից կամ գոնե մեկ ուսուցչից նման վկայություն չլսեցինք: Իսկ մի քանի աշակերտուհիներ էլ, ակնհայտորեն, ծնողներից թութակի պես անգիր արած մտքեր էին մի կերպ արտաբերում տեսախցիկի առաջ, որոնք բոլորն էլ սկսվում եւ ավարտվում էին ընդամենը Հարությունի` դպրոց չգալու իրենց պահանջով: Ոչինչ ավելի:

Իսկ այ` տղան, նույնիսկ էկրանից էր լավ տպավորություն թողնում: Կիրթ, գրագետ խոսք ուներ, ի տարբերություն իր դասընկերների` զարմանալիորեն կազմակերպված ու հասուն հոգեկան աշխարհ ունեցող մարդու տպավորություն էր թողնում: Ավելին, ընկերների փոխարեն էլ ազնվորեն խոստովանեց, որ, այո՛, խնդիրներ կան երեխաների հետ, բայց նաեւ հավելեց, որ դրանք ավելի շատ հրահրված են, քան իրական: Որ բոլորը խոսում են միայն իր մասին` առանց նկատելու, որ իր բոլոր քայլերը պատասխան են ի՛ր դեմ արված քայլերի, եւ որ համարյա միշտ` ինքն ընդամենը փորձում է պաշտպանվել «հնաբնակներից»…

Առաջին հայացքից սովորական` դեռահասների անցնող-գնացող պատմություն հիշեցնող այս միջադեպն իրականում մեր հասարակության խոցերն է երեւան բերում եւ այն ցավալի իրողությունը, որ դպրոցն ու ծնողը պատրաստ են իրենց երեխայի ուղեղը լցնել հնարավոր ու անհնար ամեն տեսակ դասագրքային գիտելիքով, բայց ո՛չ իրական իմացությամբ: Մենք չենք սովորեցնում մեր երեխաներին` ազատ մարդ լինել, թույլ չենք տալիս նրանց իրենց ներսը նայել եւ առանց կաշկանդվելու բացահայտ ասել` ինչից են գոհ, ինչից` դժգոհ, ինչու են այս կամ այն բանն անում, եւ հատկապես` ինչպես կուզենային, որ շրջապատն իրենց արձագանքեր: Մեր պահվածքով ու անառողջ էգոիզմի սերմանմամբ` մենք նրանց արգելում ենք ուղղակի հասկանալ, որ դիմացինն էլ նույնքան արժանի է հարգանքի, որքան սեփական «ես»-դ, որ չի՛ կարելի ծաղրել, օրինակ, ընկերոջ ֆիզիկական արատն ու հետո զարմանալ, որ նա ինչ-որ հարմար պահի վրեժ կլուծի դրա համար` նախ դժվար երեխա դառնալով, ապա արդեն` կայացած հանցագործի, մարդասպանի կամ բանակում ահ ու սարսափ ներշնչող սպայի տեսքով:

Ինձ այնպես է թվում, որ մենք դադարել ենք ոչ միայն ինքներս մեզ հարցեր տալ ու պատասխաններ ստանալ մեր իսկ մասին, այլեւ մեզ շրջապատող աշխարհի ազդանշանները որսալ:

Որքան էլ կողմ լինեմ քաղաքակրթական նվաճումներին եւ որքան էլ իսկապես հավատամ եկող սերնդին` հաճախ եմ սկսել մտածել այն մասին, որ ներկայիս սերունդը մի տեսակ զրոյից է ամեն բան սկսում, որ չունի այն կենսական փորձառությունը, որ մենք փողոցում հազար ու մի խաղերի, կռիվների ու դրանք հարթելու ճանապարհով էինք ստանում: Այս երեխաների համար կյանքը թռչող ինքնաթիռներն են, սրճարանային տոները, զանգող-խոսող հեռախոսները, այփադները, ակնթարթորեն տեղ հասնող էլեկտրոնային նամակներն ու սեփական պահանջների` նույնքան ակնթարթորեն կատարման ակնկալիքը:

Տեխնիկական ձեռքբերումները կարեւոր նվաճում են, անշուշտ, բայց նաեւ սոսկալի թերություն` միջանձնային շփման տեսանկյունից: Իհարկե, հեշտ է քեզ պես ընկերներ ունենալ վիրտուալ տարածքում եւ մատի մի հպումով որոշել, որ այլեւս նրանցից մեկի հետ չես ուզում շփվել: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ այդ անցանկալին քո դասընկերն է կամ ուսուցիչը, կամ` էլի՛ մեկը: Ի՞նչ անել, երբ նա նման չէ քեզ` ինքնամփոփ է կամ հիպերակտիվ, հաշմանդամ է կամ ենթադրենք՝ առաջնորդի որակներ ունի: Ա՛յ, այս հարցն է, սրա՛ն է, որ մենք պիտի պատասխանենք մեր երեխաների հետ…

Ներկայիս դպրոցն ու ընտանիքը, սակայն՝ որպես ինստիտուտ, այս հարցերին պատասխան չունի: Ավելին, այստեղ առաջ են գնում հնամաշ` հեղինակության պարտադրման կամ երեխային, ինչպես Հարությունի պարագայում,  հրեշ սարքելու քարքարոտ ճանապարհներով: Ընդ որում, Աշոտյանից սկսած` մինչեւ տնօրեն, ուսուցիչ ու ոչ ադեկվատ ծնող, վախենում են սրա մասին խոսել: Նրանք վախենում են ինձ պես բարձրաձայն ընդունել, որ մեր երեխաներից ավելի՝ մե՛նք ենք դաստիարակության կարոտ, սարսափում են խոստովանել, որ եթե իրենք ազատ մարդիկ չեն, ինչպե՛ս կարող են ազատության սոցիալական պատվեր իջեցնել դպրոց ու ԲՈՒՀ: Նման ծնողն ու ուսուցիչը մի՞թե ի վիճակի են նկատել, որ մյուս երեխային սեղանի տակ գաղտնի ոտքով հարվածող ու հանգիստ դեմքով նստող իր երեխան վաղն իսկական ռումբ է դառնալու այս հասարակության համար եւ ավելի վտանգավոր է, քան, ասենք, հրապարակավ նրա այդ քայլի համար հաշվեհարդար տեսնող Հարությունը…

Ինքս մայր եմ, ու թեպետ դուստրս ընդամենը չորս տարեկան է, հասցրել եմ բավականին լուրջ փորձ կուտակել կոնֆլիկտային իրավիճակների առնչությամբ: Առաժմ հաջողել եմ նրա համար ճիշտ միջավայր ընտրելու գործում. դա Մխիթար Սեբաստացու կրթահամալիրն է, եւ եթե Հարությունի ծնողները կարդում են այս նյութը, խնդրում եմ, հանե՛ք ձեր երեխային այդ դպրոցից: Ձեր երեխան արժանի չէ այն պարսավանքին, որ նրա գլխին է թափվում բոլորի կողմից: Եթե այդ դպրոցի  ուսուցիչներն ու ծնողներն իսկապես առկա կոնֆիկտը ոչ թե թշնամանքի առիթ ընդունեին, այլ ուղղակի որպես մարտահրավեր դիտարկեին` պայմանով, որ բոլորը միասին են դրա միջից հաղթած դուրս գալու, գոնե հոգեբանի ծառայություն կպահանջեին տնօրենից, ինչն, ի դեպ, նա պարտավո՛ր էր այս ընթացքում արդեն կյանքի կոչել…

Ես չեմ ասում, թե Սեբաստացիում խնդիրներ չկան: Կան եւ շատ են: Բայց խնդիրներից ավելի՝ առկա են դրանք լուծելու թե՛ կամքը, թե՛ ջանքը: Ինչպես մի մեծ ընտանիքում…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա համառոտ ամփոփում’