‘Դպրոցի միջոցները յուրացրած տնօրենը վերընտրվել է. Մրցույթը չեղյալ է ճանաչվել’

967

Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 1-ին կայացած մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Հիշեցնենք՝ թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն տևական ժամանակ թափուր է: Իսկ նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2009-2012թթ. նա կեղծ գրանցումներ էր կատարել, աշխատանքային պայմանագրեր կնքել 4 անձանց հետ, ովքեր աշխատանքի չէին եկել, իսկ նրանց անունով դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել էր:

Եվ ահա օգոստոսի 1-ին դպրոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև համաներմամբ պատժից ազատված Սուսաննա Սարգսյանը: Ու թեև թափուր պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու, բայց մրցութային հանձնաժողովի 6 անդամներից 4-ը ընտրել էին հենց Սուսաննա Սարգսյանին:

Մրցույթին հետևած հասարակական դժգոհության արդյունքում Կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, թե կուսումնասիրի հարցն ու կհրապարակի վերջնական որոշումը:

Եվ շուրջ 1 ամիս անց ի վերջո որոշվեց չեղյալ ճանաչել այդ մրցույթի արդյունքները:

Նախորդ հոդվածը‘Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Հայաստան’