‘Դրամի արժեզրկումը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը. Մամուլ’

1905

«ՀԺ»-ն գրում է, որ երեկ  ՀՀ ֆոնդային բորսայում դրամի փոխարժեքը ռեկորդ սահմանեց վերջին վեցուկես տարվա կտրվածքով: Մեկ դոլարի գինը բորսայում կազմեց 419 դրամ 75 լումա: Սա ամենաբարձր գինն է 2006 թվականի հունիսից այս կողմ:

Ինչպես արդեն բազմիցս նշել է թերթը, վերջին շրջանում դրամի բավականին կտրուկ արժեզրկման պատճառներն այնքան էլ հասկանալի չեն: Հանրությանը մատուցվող պաշտոնական վիճակագրական ցուցանիշների տրամաբանությամբ դրամը ոչ միայն չպետք է արժեզրկվեր, այլև պետք է արժևորվեր: Խնդիրն այն է, որ ըստ այդ վիճակագրության՝ Հայաստանի տնտեսությունը զարգանում է գրեթե երկնիշ տեմպերով: Նույն տեմպերով աճում են արտահանման ծավալները, որ երկրին պետք է բերեին լրացուցիչ արտարժույթ: Ըստ վիճակագրության՝ աճում է նաև արտերկրում աշխատող մեր հայրենակիցների ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը, որը նույնպես լրացուցիչ արտարժույթ է: Այս գործոնների ազդեցության տակ դրամը պետք է արժեվորվեր, եթե իհարկե բերված պաշտոնական վիճակագրությունը համապատասխանում է իրականությանը: Բացառված չէ, որ դրամի արժեզրկումը պայմանավորված լինի Հայաստանից արտարժույթի արտահոսքով, ինչի մասին սակայն պաշտոնական վիճակագրությունը լռում է: Ու քանի դեռ հասկանալի չէ, թե որն է դրամի արժեզրկման այսպիսի տեմպի պատճառը, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսի պահվածք կդրսևորի փոխարժեքը առաջիկայում: Նկատենք, սակայն, որ ապրիլը դրամի սեզոնային արժեզրկման շրջան է, որը դադարում է այն ժամանակ, երբ գարնանը արտերկրներ մեկնած մեր հայրենակիցները սկսում են Հայաստան ուղարկել այնտեղ վաստակած արտարժույթի զգալի քանակություն: Ամռանը դրամը մի կարճ ժամանակահատված կրկին արժեզրկվում է:

Կպահպանվե՞ն այս սեզոնային միտումները 2013 թ-ին, դժվար է ասել: Նկատենք, որ ըստ որոշ դիտարկումների՝ դրամի արժեզրկումը ունի մի քանի պատճառ: Առաջինը՝ արտարժույթի արտահոսքն է Հայաստանից: Չնայած այդ իրավիճակը չի արձանագրվում պաշտոնական ցուցանիշներով, բայց բանկային համակարգին մոտ կանգնած «ՀԺ» աղբյուրների պնդմամբ՝ նման երևույթ առկա է: Երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ ի հեճուկս մեր պաշտոնյաների հավաստիացումների, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը բարձրացել է 35 տոկոսով, իսկ գազի դիմաց Հայաստանը վճարում է դոլարով: Դա նույնպես դոլարի նկատմամբ ստեղծում է լրացուցիչ պահանջարկ և արժեզրկում դրամը: Երրորդ պատճառը՝ արտագաղթի սահմռկեցուցիչ ծավալներն են: Հայաստան եկող և այստեղից մեկնող մարդկանց թվերի բացասական սալդոն օր օրի աճում է և դա արձանագրում է անգամ պաշտոնական վիճակագրությունը: Ենթադրվում է, որ մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում ընտանիքներով և այնտեղից ավելի քիչ են փող ուղարկում հարազատներին:

Հ.Գ. Նշենք, որ դրամի արժեզրկումը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը: Միայն դրամի արժեզրկումից օգտվելով՝ պաշտոնական վիճակագրությունը, օրինակ 2012 թվականին կարողացավ ցուցադրել ՀՀ տնտեսության 7.2 տոկոս աճ: Իրականում սակայն, հաշվի առնելով արժեզրկումը, անցած տարի Հայաստանում մոտ երկու տոկոս տնտեսական անկում է եղել:

Նախորդ հոդվածը‘Այսուհետև Չոռնի Գազո չէ՝ Սևուկ Գագո. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Չինովնիկները մարդկանց համոզելու են՝ չարտագաղթել կամ ինչպե՞ս կարելի է ծախսել 1 միլիոն եվրոն Հայաստանում’