‘Դրվագներ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ արգենտինահայերի հետ ունեցած առնչություններից ‘

1000

Արդեն հայտի է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նորընտիր գահակալ Ֆրանցիսկոսը՝ նախկինում Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Բերգոլյոն բավական ջերմ հարաբերությունների մեջ է եղել Արգենտինայի հայկական համայնքի հետ:

Արգենտինահայ համայնքի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ 2004-ի ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում տիեզերական պատարագ է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քարոզի ժամանակ արքեպիսկոպոս Բերգոլյոն վշտակցություն է հայտնել՝ նշելով, որ ժամանակակից աշխարհի տերությունները փորձում են լռության քողի տակ ծածկել քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը: «Մենք պետք է  հիշենք՝ թույլ չտալու համար, որպեսզի ապօրինի եւ մանր շահերի հետեւում թաքցնեն մեր վիշտը եւ ամոթը»:

Երկու տարի անց, 2006-ի ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի Մայր տաճարում տեղի ունեցած էկյումենիկ հավաքի ժամանակ, որը ղեկավարում էին արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյոն եւ Արգենտինայում ու Չիլիում Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ արքեպիսկոպոս Սիսակ Մուրադյանը, այժմյան Ֆրանցիսկոս Առաջին պապը կրկին հիշեցրել է, որ Ցեղասպանության հարցում գերտերությունները ճշմարտությունը վեր հանելու փոխարեն սպասարկում են կեղծ շահերը:

Արքեպիսկոպոս Մուրադյանն իր հերթին ասել է, որ շնորհակալ է Աստծուն, որ հայ ժողովուրդը կարողացել է վերապրել արհավիրքը, եւ Ցեղասպանությունից 91 տարի անց Հայաստանն ազատ եւ անկախ պետություն ունի: Նա աղոթք է բարձրացրել ի բարօրություն Արգենտինայի եւ արգենտինացի ժողովրդի, որն ընդունել է հայերին եւ թույլ է տվել ապրել ազատ պայմաններում: Երրորդ աղոթքը նա բարձրացրել է կարդինալ Բերգոլիոյի համար, որը «մշտապես մասնակցում է արգենտինայոց կյանքին՝ իր աղոթքներով եւ զորակցությամբ»: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Եթե բովանդակային առաջարկ լինի, ապա դա կարելի է քննարկել’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Դիակը բացառում է որևէ կոմպրոմիս’