‘Ե՞րբ և ի՞նչ պայմաններում է Սերժ Սարգսյանը ստացել «Նարիմանով» ծածկանունը ‘

97125

Գաղտնիք չէ, որ Սովետական Միության տարիներին ադրբեջանական ՍՍՀ–ի կազմում գտնվող ԼՂԻՄ–ում Ադրբեջանի կուսնոմենկլատուրան իրականացնում էր հայաթափման քաղաքականություն։ Այդ իսկ նպատակով ԼՂԻՄ–ի ղեկավարներ էին նշանակվում ազգությամբ հայ, սակայն ամբողջությամբ հայատյաց մարդիկ, ովքեր Բաքվի ծրագրերն էին առաջ մղում։

Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մյուս առանձնահատկություններից էր այն, որ ԼՂԻՄ–ի դրածո և հայատյաց ղեկավարների կողքին ներդրվում էին ԿԳԲ-ի կողմից հավաքագրված կադրեր, ովքեր, մի կողմից՝ պետք է օգնեին հայատյաց կեւորկովներին, իսկ մյուս կողմից էլ՝ լրացուցիչ «աչքի» և տեղեկատվական խողովակի դեր կատարեին Բաքվի համար։ Լավատեղյակները պնդում են, որ նմանատիպ մարդկանց, որպես կանոն, հավաքագրում էին Բաքվում գտնվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցից», որի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվում էին ԼՂԻՄ կուսվերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ, կուսակցական ֆունկցիոներներ կամ հրահանգիչներ։ Հայաստանի ոչ օրինակարգ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ–ի կուսհամակարգում, եղել տխրահռչակ Կեւորկովի օգնականը և զբաղվել պրոպագանդիստական աշխատանքներով։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ տիպի պրոպագանդա է իրականացրել Սարգսյանն ադրբեջանական կոմկուսի ու ԿԳԲ–ի հսկողության ներքո։

Ցավալի է արձանագրելը, որ Հայաստանն այսօր ունի մի նախագահ, ով ժամանակին հավաքագրվել է ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից։ Այդ տեղեկության իսկությունը հաստատվում է այն փաստով, որ Սերժ Սարգսյանը եղել է վերոհիշյալ կոմսոմոլական դպրոցի սան։

Սերժ Սարգսյանի հետ այն տարիներին ԼՂ մարզկոմում աշխատած մարդկանցից շատերը պնդում են, որ «Նարիմանով» մականունը կամ ավելի ճիշտ՝ ծածկանունը, Սերժ Սարգսյանն ստացել է հենց Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում» սովորելու տարիներին, երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Ղարաբաղի հարցը դեռևս 60–ականներից բարձրացնող մարդիկ գիտեին, որ «Նարիմանով» ծածկանունը կրող Սարգսյանն ադրբեջանական ԿԳԲ-ի գործակալ է և զբաղված է ԼՂԻՄ–ում ազգային խնդիրներ բարձրացնելու պոտենցիալ ունեցողների հայտնաբերմամբ և այդ մարդկանց մասին Բաքվին զեկուցագրերի փոխանցմամբ։ Մեր ձեռքի տակ կա այն ավարտական լուսանկարը (վինետկա), որից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանն «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտել է  26 տարեկան հասակում՝ 1980 թվականին։ Նկարում կարմիր շրջագծի մեջ վերցվածը հենց Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, նրա համակուրսեցիների 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, մյուսները՝ ռուս, թալիշ ու վրացի, և միայն ինքն է եղել ազգությամբ հայ։

\"\"

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված կենսագրականի մեջ շրջանցված է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցն» ավարտելու փաստը, ինչը հուշում է, որ ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է սրբագրել սեփական կենսագրությունը և կոծկել իր անցյալին վերաբերող որոշ փաստեր։

Ընթերցելով Սարգսյանի կենսագրականը՝ հեշտությամբ կարելի է հայտնաբերել, որ բացակայում է 1979-1980 թթ. ընթացքում կոմերիտական դպրոցում սովորելու պահը և նշված է միայն, որ նա այս կամ այն կարգավիճակով կուսաշխատանքներով է զբաղվել։ Բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է համալսարանը նոր ավարտած Սարգսյանն անմիջապես ընդգրկվել կուսնոմենկլատուրայի մեջ։ Այդ հարցի պատասխանը տալիս է հենց «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը», որի մասին համառորեն լռում է Սարգսյանը, քանի որ գիտի՝ անմիջապես հայտնվելու է մի շարք տհաճ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առջև։

Ադրբեջանական ԿԳԲ-ի կողմից ժամանակին հավաքագրված լինելու հանգամանքն է, թերևս, պատճառ դառնում, որ ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Սարգսյանը պարբերաբար ադրբեջանանպաստ հայտարարություններով ու գործողություններով է հանդես գալիս։ Դա հատկապես ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարության ժամանակ, երբ նշվեց, թե Հայաստանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, մինչդեռ Ալիևը հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ և որևէ փոխզիջման մասին չէր խոսում։

Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ Հայաստանի նախագահ չի կարող լինել մեկը, ում մտածողությունը ձևավորվել է ադրբեջանական «ԿԳԲ-ի կադրային դարբնոց համարվող «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցում», ով կուսակցական կարիերա է արել Բաքվի հատուկ հովանավորչությունից օգտվելով և ԼՂԻՄ–ում հակահայկական քաղաքականությանն օժանդակելով։

Ա.Վ.

Նախորդ հոդվածը’13 երեխա սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘5 մարդու սպանության մեջ մեղադրվող իրավաբանը «մանիֆեստ» է հրապարակել ‘