‘ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ոչիշխանական 4 ուժերի ներկայացուցիչների հետ’

1270

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը հունիսի 4-ին Երևանում հանդիպել է ոչիշխանական չորս քաղաքական ուժերի, նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել է կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ն՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունը»՝ վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, ԲՀԿ-ն՝ պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, իսկ քաղհասարակությունը ներկայացնում էր  «Դեմ եմ» թիմի անդամ Դավիթ Մանուկյանը։ Նրանցից յուրաքանչյուրը ներակայցրել են իրենց մոտեցումները, թե այսօր ինչ խնդիրներ կան Հայաստանում։

Ինչպես news.am-ին հայտնել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր մոտեցումները: «Ես նշեցի Հայաստանի իշխանությունների նկատմամբ վստահության դեֆիցիտը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Դա բացատրեցի եվրաասոցացման 4-ամյա գործընթացի տապալմամբ, որ տեղի ունեցավ մեկ օրում, հայ-թուրքական հաշտեցման տապալմամբ, նաև գործընթացով, որ այսօր ընթանում է եվրասիական տարածքում այդ գործընթացը որևէ հույս չի ներշնչում, ոչ մի հեռանկար չի երևում։ Այսինքն դրսի ոչ մի գործընթաց Հայաստանի համար հաջողությամբ չի ավարտվել»,- նշել է Մանուկյանը: Նա ընդգծել է, թե ի թիվս ներքաղաքական խնդիրների, նշվել է արտագաղթը, իշխող ՀՀԿ-ի նկատմամբ քաղաքական ուժերի անվստահությունն և ՀՀԿ-ի չվերահսկվող իշխանությունը: «Համամասնական ընտրական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին խոսել են ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները»,- ասել է Մանուկյանը: 

Հարցին, թե ինչ արդյունքի կհանգեցնի հանդիպումը, Արամ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ սա ճանաչողական այց էր Շվեյցարիայի նախագահի, ԵԱՀԿ նախագահի կողմից: Բուրկհալտերը չի արձագանքել հարցադրումներին, այլ լսել է կարծիքները:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Լիբիա. Մահապարտը գրոհել է գեներալ Հաֆթարի տան վրա’