‘ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Ալիևի վերընտրությունը’

844

Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հանրապետության ղեկավար Իլհամ Ալիևը վերընտրվեց երրորդ ժամկետով, աչքի են ընկել մի շարք լուրջ թերություններով: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Ըստ դիտորդների՝ մասնավորապես՝ սահմանափակվել է խոսքի և հավաքների ազատությունը, ընտրողներին ահաբեկելու դեպքեր են նկատվել: Կարճաժամկետ մոնիթորինգի առաքելության ղեկավար Միշել Վուասին նշել է նաև քվեների հաշվարկի ընթացքում նկատված թերությունները: Եզրակացության մեջ դիտորդները պնդում են, որ Իլհամ Ալիևի մրցակիցները զանգվածային լրատվամիջոցներից օգտվելու հավասար պայմաններ չեն ունեցել: Ընտրությունների լուսաբանման հարցում բացասական ազդեցություն են գործել լրագրողների հանդեպ հարձակումները և նրանց աշխատանքին խոչընդոտելը:

ԱՊՀ դիտորդական առաքելությունն ավելի վաղ, ընդհակառակը, Ադրբեջանում անցկացված ընտրություններին բարձր գնահատական էր տվել: Առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը, «Новости-Азербайджан» -ի փոխանցմամբ, հայտարարել էր, որ ընտրությունները եղել են ազատ, ժողովրդավարական և ապահովել են քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Նա նաև կարծիք էր հայտնել, թե Ալիևի առավելությունն այնքան ակներև էր, որ նրա կողմնակիցները կարիք չունեին որևէ կերպ միջամտելու ընտրություններին և կեղծելու արդյունքները, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Միգուցե կոշտ է ասել, բայց չեմ կարծում, որ իրոք պետք է այրեին’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսը կարող է դուրս գալ ՄՄ-ից, եթե Ռուսաստանը չփոխի նավթամթերքների մաքսատուրքը’