‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար. Շատ կարևոր է, որ ժողովուրդը օգտվի իր ընտրելու իրավունքից և գնա ընտրության։’

1101

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն արդեն իններորդ անգամ Հայաստանում կդիտարկի ընտրական գործընթացը՝ ունենալով 13 միջազգային փորձագետներով համալրված հիմնական թիմ։ Այս մասին երեկ կազմակերպած մամլո ասուլիսում հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին։

Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրությունները կվերահսկեն ԺՀՄԻԳ-ի 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ։ Մշտադիտարկում կիրականացնի ընտրարշավի, ընտրությունների վարչարարության, ընտրական օրենսդրության և դրա իրավակիրարկման, ԶԼՄ-ների միջավայրի և ընտրությունների հետ կապված վեճերի լուծման գործընթացներում։ Քվեարկությունից հետո առաքելությունը կմնա երկրում մինչև փետրվարի վերջը՝ հետևելու հետընտրական գործընթացներին։

Այն, որ իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, ինչպես նաև խորհրդարանական այլ ուժեր հրաժարվել են մասնակցել ընտրություններին, չի՞ խանգարի քաղաքական մրցակցությանը և հակակշիռների ստեղծմանը՝ լրագրողի հարցին Հայդի Թալիավինին պատասխանեց, որ վաղաժամ է իրենցից ակնկալել այդ հարցի պատասխանը։ Առաքելությունը, տիկնոջ խոսքով, մտադիր է հանդիպել բոլոր պատկան ուժերի հետ, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվածներին, և պատշաճ կերպով գնահատելով իրավիճակը, իր կարծիքը կարտահայտի երկու միջանկյալ զեկույցներում։

Տիկին դեսպանը ասուլիսից հետո պատասխանեց նաև մեր մի քանի հարցերին:

Տիկին Թալիավինի, Հայաստանի սոցիոլոգիական ընկերություններից մեկը, որի վերլուծությունները, որպես կանոն, իրականանում են, դեկտեմբեր ամսին հարցումների միջոցով պարզել է, որ նախագահական ընտրություններով հետաքրքրված է ընտրողների 52 տոկոսը, իսկ մասնակցել ցանկացողները կազմում են այդ 52 տոկոսի 32 տոկոսը, այսինքն՝ ընտրողների թվի 16 տոկոսը։ Մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները ընտրություններին մասնակցության թվերը կա՛մ կեղծելով կուռճացնեն, կա՛մ տարբեր լծակներ օգտագործելով՝ մարդկանց խմբերով կտանեն ընտրատեղամասեր։

—  Կարող եմ ասել, որ սա թեական սպեկուլյացիաներ են, իսկ դրանով զբաղվելը մեզ համար տեղին չէ։ Մեր երկարաժամկետ դիտորդները աշխատելու են նաև ընտրություններից հետո, ուստի շոշափելու են տրամադրությունները, հետաքրքրվելու են ժողովրդի մոտեցումներով, և դա մեզ թույլ կտա տպավորություն կազմել ձեր կողմից բարձրացրած հարցերի մասին։ Այս պահին թեական վերլուծություններով զբաղվել հնարավոր չէ։ Բայց, որպես ընդհանուր դիտարկում, ասեմ, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը օգտվի իր ընտրելու իրավունքից և գնա ընտրության։

—   Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրողների ցուցակում առկա մարդկանց թիվը գրեթե հավասար է պաշտոնական բնակչության 80 տոկոսին և առկա բնակչության մոտ 90 տոկոսին։ Ձեր փորձից կարո՞ղ եք նման այլ դեպքեր նշել՝ այլ երկրներից։ Եվ արդյո՞ք սա ռիսկային չէ արդար ընտրությունների անցկացման տեսանկյունից։

—  Մենք ԿԸՀ-ի հետ հանդիպման ընթացքում անդրադարձանք այդ հարցին, և մեզ օրինակով, նմուշներով ցույց տվեցին, թե ինչպիսի մոտեցումներ ունեն այդ ցուցակները կազմելիս։ Գալիք շաբաթների ընթացքում մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու  ընտրացուցակների  հարցը։  Մեր տպավորությունն առայժմ այն է, որ ԿԸՀ-ն բավականին քայլեր ձեռնարկել է՝ հնարավորինս պահպանելու դրանց ճշգրտությունը։ Ինչպես և ցանկացած այլ հարց, որ հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում, մենք այս հարցին ուշադիր հետևելու ենք և մեր եզրակացություններում կարտացոլենք մեր կարծիքը։

Ձեզ ծանո՞թ է ժողովրդավարության ուղի բռնած մեկ երկիր, որտեղ գործող իշխանությունները, թեև բոլոր ոլորտներում ցուցանիշների անկում են արձանագրել, սակայն ընտրությունների միջոցով շարունակում է վերընտրվել և մնալ իշխանության։

—  Նախ ասեմ, որ մեկ երկիրը մյուսի հետ, կամ մեկ ընտրությունը մյուսի հետ մենք չենք համեմատում։ Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը հանդիսանում Է ԵԱՀԿ ընտանիքի անդամ և որ հարում է ըստ այդմ ստանձնած պարտավորություններին, այդ թվում նաև  Կոպենհագենի փաստաթղթի շրջանակներում, և մենք այստեղ ենք Հայաստանի  իշխանությունների  հրավերով, որպեսզի հնարավորություն ստանանք դիտելու և գնահատելու այդ գործընթացը։ Իսկ սա մաս է կազմում շատ կարևոր ժողովրդավարական գործընթացի։

—   Այդուամենայնիվ, դուք չնշեցիք որևէ նման երկիր։

—  Արդարացի չէ նման համեմատություններ անցկացնելը։ Շվեյցարիան համարվում է ամենաբարձր ժողովրդավարություն ունեցող երկրներից մեկը, բայց մենք էլ մեր խնդիրներն ունենք։

«Հայկական ժամանակ»

11.01.2013

Նախորդ հոդվածը‘5 հանդիպումներ, որոնք արժե դիտել ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում մարմարի հարուստ պաշարներ են հայտնաբերվել’