‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երրորդ միջանկյալը զեկույցը փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ (ամբողջական տարբերակ)’

976

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ

2013 թ. 19–26 փետրվարի

2013 թ. մարտի 2

Փետրվարի 19-ին Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը, որը կազմված էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) և Եվրոպական Խորհրդարանից (ԵԽ), հրապարակեց համատեղ Հայտարարություն նախնական եզրակացությունների վերաբերյալ։ Համաձայն Հայտարարության, «փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ։ Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն։ Լրատվամիջոցները իրականացրել են իրենց հավասարակշիռ լուսաբանում տրամադրելու իրավական պարտավորությունը, և բոլոր մրցակիցները օգտագործել են իրենց տրամադրվող անվճար եթերաժամը։ Միաժամանակ, հանրային կառավարման անկողմնակալության պակասը, վարչական միջոցների չարաշահումը և ընտրողների վրա գործադրվող ճնշումը մտահոգության առարկա են։ Մինչ ընտրությունների օրը անցել է հանգիստ և բնականոն, ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, և որոշ լուրջ խախտումներ են դիտարկվել»:

Հայտարարության մեջ շեշտադրվում է, որ ընտրությունների վերջնական գնահատումը մասամբ հիմնվելու է ընտրական գործընթացի հետագա փուլերի իրականացման, այդ թվում՝ վերջնական արդյունքների ամփոփման և հայտարարման, ընտրությունների հաջորդող օրը հնարավոր բողոքների և դիմումների քննարկման ընթացքի վրա։ Փետրվարի 19-ից սկսած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) շարունակել է հետընտրական գործընթացների իր դիրտարկումը։

Այս միջանկյալ զեկույցը պետք է ընթերցել նախընտրական միջանկյալ զեկույցների, ինչպես նաև Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարության հետ համատեղ։ Ընտրական գործընթացների ավարտից մոտ երկու ամիս անց, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է համապարփակ վերջնական զեկույցը, որը ներառելու է հանձնարարականներ։

I. ԱՄՓՈՓՈՒՄ

• Փետրվարի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է առաջին փուլում։ Երկրորդ տեղը զբաղեցնող Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները և հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում։

• Փետրվարի 20-ից սկսած պարոն Հովհաննիսյանը կազմակերպել է բողոքի ցույցեր Երևանում և մի շարք մարզերում, որոնց միացել են որոշ ընդդիմադիր կուսակցություններ և գործիչներ։ Հանրահավաքներն անցել են խաղաղ, և  իշխանությունները չեն միջամտել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ այդ հավաքներն անօրինական են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության։

• Եղել են 132 Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) արդյունքները վերահաշվարկելու և չեղյալ հայտարարելու դիմումներ, որոնցից գրեթե բոլորը ներկայացվել են պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։ Վերահաշվարկի երեք դիմում, որոնք ներկայացվել են ընտրական տեղամասերի կողմից, բավարարվել են, և հայտնաբերվել են չնչին անճշտություններ առաջին հաշվարկի հետ համեմատած։ Մնացած բոլոր դիմումները մերժվել են այն հիմնավորմամբ, որ դիմումատուները իրավասու չեն ներկայացնել նմանատիպ դիմումներ։

• Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն միաձայն ընդունել է վերջնական արդյունքների արձանագրությունը և հայտարարել է, որ պարոն Սարգսյանը հաղթել է` ստանալով քվեների 58.6 տոկոսը։ Պարոն Հովհաննիսյանը ստացել է քվեների 36.7 տոկոսը։

• Պաշտոնական արդյունքների ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է հարաբերակցություն մասնակցության շատ բարձր ցուցանիշի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև։ Այս հանգամանքը մտահոգություն է առաջացնում ընտրական գործընթացի ամբողջականության նկատմամբ վստահության վերաբերյալ։

• Ընտրությունների օրը ընտրական գործընթացների կազմակերպմանն առնչվող սահմանափակ թվով բողոքներ են ներկայացվել, իսկ ընտրություններից հետո՝ 80-ից  ավել։ Գրեթե բոլորը մերժվել են։ Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը  հետաքննել են ավելի քան 300 հնարավոր իրավախախտումներ, և 10 դեպքերում քրեական գործ է հարուցվել։

• Հետընտրական շրջանում որոշ լրատվական միջոցներ քաղաքական իրադարձությունների լուսաբանման մեջ ցուցաբերել են խտրական մոտեցում՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետները սահմանակափակելու նկատելի միտումով։ Մի շարք առցանց լրատվական միջոցներ առաջարկել են բազմաբնույթ տեսակետներ։

II. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) իր  Նախնական հայտարարության մեջ նշել է, որ ընտրությունների օրը անցել է հիմնականում հանգիստ և խաղաղ։ Չնայած քվեարկությունը անցել է պատշաճ և լավ կազմակերպված դիտարկված տեղամասերի մեծ մասում, ՄԸԴԱ-ի դիտորդները այն բացասական են գնահատել տեղամասերի 5 տոկոսում։ Բացասական գնահատման հիմնական պատճառներն են՝ ընտրական գործընթացին անհարիր միջամտումը, լարվածությունը կամ անհանգիստ վիճակը, տեղամասերի ներսում և դրսում մարդկանց մեծ կուտակումները, ինչպես նաև մի շարք լուրջ ընտրախախտումները քվեարկության ընթացքում։ ԸՄԴԱ դիտորդները գնահատել են դրական 106 տեղամասերում ձայների հաշվարկը, բացառությամբ 9 տեղամասի, թեպետ նրանք հաղորդել են ընթացակարգային և այլ իրավախախտումների մասին։ ԸՄԴԱ դիտորդները հետևել են արդյունքների ամփոփման ընթացքին բոլոր 41 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում (ԸԸՀ) և գնահատել են ընդհանուր առմամբ դրական։ Մեկ ԸԸՀ-ում գործընթացը գնահատվել է բացասական, մինչդեռ երեք այլ ԸԸՀ-ներում դիտորդները տվել են բացասական գնահատական որոշակի փուլերին։ Փետրվարի 19-ին ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որոնց գործող  նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է՝ ստանալով քվեների 58.64 տոկոսը։ Նրան  հաջորդել են՝ Րաֆֆի Հովհաննիսայնը (36.74%), Հրանտ Բագրատյանը (2.15%), Պարույր Հայրիկյանը (1.23%), Անդրիաս Ղուկասյանը (0.57%), Վարդան Սեդրակյանը (0.42%) և Արման Մելիքյանը (0.24%)։

III. ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ

Ընտրությունների հաջորդ օրը նախնական արդյունքների հայտարարումից հետո պարոն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում։ Փետրվարի 20-ից սկսած նա անցկացրել է հանրահավաքներ Երևանում և այցելել է մի քանի այլ քաղաքներ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ այս հանրահավաքները անօրինական են և կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության, բայց նրանք չեն միջամտել։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարել է, որ փետրվարի 21- ին պարոն Սերժ Սարգսյանի հաղթանակը տոնելու համար Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը տեղի չի ունենալու՝ երկու թեկնածուների կողմնակիցների միջև լարվածություն և բախումներ բացառելու նպատակով։ Փետրվարի 21-ին պարոն Հովհաննիսյանը հանդիպել է պարոն Սարգսյանին։ Փետրվարի 22-ի հանրահավաքին պարոն Հովհաննիսյանը նշել է, որ նա խնդրել է նախագահին, որ վերջինս հետաքննի ընտրություններին առնչվող բոլոր իրավախախտումները և անցկացնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ երկու առաջատար թեկնածուների միջև։ Այլապես, նա պահանջել է կառավարության հրաժարականը և վաղ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչ մերժվել է գործող նախագահի կողմից։ Նախագահի աշխատակազմի գրասենյակը հաղորդել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ գործող նախագահը հավաստիացրել է պարոն Հովհաննիսյանին, որ օրինախախտումների կատարողները պատժվելու են։ Պարոն Հովհաննիսյանը շարունակել է իր հանրավաքները վեց մարզերում փետրվարի 23-ին ու 26-ին և Երևանում՝ փետրվարի 24-ին։ Փետրվարի 25-ին ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո, պարոն Հովհաննիսյանը հայտնել է, որ մտածում է Սահմանադրական դատարանում արդյունքները վիճարկելու մասին և, որ նա շարունակելու է իր բողոքի ցույցերը մարզերում և Երևանում։ Նա նաև հայտնել է, որ մարտի 1-ին իր աջակիցները հավաքվել են՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հիշատակին։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից Հայ յեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) միացել է բողոքի ցույցերին, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ՀԱԿ-ի առաջնորդ և նախկին ՀՀ Նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանը, նաև նախագահի թեկնածուներ պարոն Բագրատյանը և պարոն Ղուկասյանը։ Շիրակի մարզպետը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմավիրի քաղաքապետը, որտեղ պարոն Հովհաննիսյանը ստացել է քվեների մեծամասնությունը, ներկայացրել են իրենց հրաժարականները։ Փետրվարի 25-ին ՀՅԴ-ն և Ժառանգությունը առաջարկել են անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետընտրական զարգացումները քննարկելու համար։ Առաջարկը ընդունվել է ՀՀԿ-ի խմբակցության կողմից և քննարկումներ են տեղի ունեցել խորհրդարանական խմբակցությունների միջև, սակայն նիստը դեռ չի կայացել։ Հիմնական հեռարձակվող լրատվամիջոցները, այդ թվում Հանրային Հ1 հեռուստաալիքը, հետընտրական իրադարձությունների լուսաբանման մեջ ցուցաբերել են խտրական մոտեցում՝ ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետները սահմանակափակելու նկատելի միտումով։ Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք մշտադիտարկվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից կանոնավոր կերպով լուսաբանել են պարոն Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հանրահավաքները և բողոքի ցույցերը։

Այնուամենայնիվ, Հ1-ը, Շանթը և Արմենիա հեռուստատեսությունները հաճախ ներկայացրել են հանրահավաքների միայն ընդհանուր և մակերեսային լուսաբանում, միաժամանակ բազմիցս նշելով, որ հանրահավաքները անօրինական են և հաղորդելով այս առումով արված ոստիկանության հայտարարությունը։ Հեռուստաալիքներով ԸՄԴԱ-ի Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարության լուսաբանումը, այդ թվում Հ1 հեռուստատեսությամբ հարցականի տակ է դրել նրանց ջանքերի արժանահավատությունը՝ տալ ընտրությունների օբյեկտիվ և անկախ նկարագիր։ Հեռուստաալիքների մեծ մասը (բացառությամբ Երկիր մեդիա և Կենտրոն հեռուստատեսության) հիմնականում մատնանշել են դրական կողմերը և ընդհանուր առմամբ խուսափել են ներկայացնել զեկույցում նշված քննադատությունները և բացթողումները։ Մյուս կողմից, մի շարք առցանց լրատվական միջոցներ, ինչպես նաև Ռադիո Ազատությունը և Հանրային ռադիոն ներկայացրել են բազմաբնույթ տեսակետներ և ավելի հավասարակշիռ լուսաբանում։

IV. ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ

Պարոն Հովհաննիսյանի վստահված անձինք 16 ՏԸՀ-ներում վերահաշվարկի և 120 ՏԸՀ-ների արդյունքների անվավեր ճանաչելու դիմումներ են ներկայացրել։ Մեկ վերահաշվարկի դիմում է ներկայացվել պարոն Սարգսյանի վստահված անձի կողմից։ Վերահաշվարկի բոլոր դիմումները մերժվել են, քանի որ դիմումատուները համարվել են ոչ իրավասու դիմում ներկայացնելու համար։ ՏԸՀ-ների և ԸԸՀ-ների կողմից ներկայացված երեք վերահաշվարկի դիմումներ բավարարվել են, և բացահայտվել են չնչին անճշտություններ։

V. ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի պարոն Սարգսյանը հայտարարվել է ընտրված նախագահ։ Արդյունքների արձանագրությունը ստորագրվել է ԿԸՀ-ի բոլոր յոթ անդամների կողմից ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև այն ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին։ 1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 և ավելի գրանցված ընտրողներ։ Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, և նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը։ 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս՝ 155 տեղամասերում։ Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ։ Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների, առկա են եղել 50,976 անվավեր քվեաթերթիկներ (ընդհանուր թվի 3.4 տոկոսը), որոնք բավականին տարբեր էին՝ սկսած 7.9 տոկոսից թիվ 8 ԸԸՀ-ում և 7.3 տոկոսից թիվ 7 ԸԸՀ-ում, մինչև 1.5 տոկոս ԸԸՀ-ներ թիվ 18, 20 և 24։11 Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը որոշ ՏԸՀ-ներում առաջացնում է մտահոգություն, օրինակ ՏԸՀ-ներ թիվ 7/9, 8/8, 12/22, 19/1, 19/5, 19/21, 28/26 և 34/29 անվավեր քվեաթերթիկների թիվը գերազանցում է ընդհանուր քվեարկած քվեաթերթիկների 20 տոկոսը։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն հնարավորություն է ունեցել համեմատել ԸՄԴԱ-ի դիտորդների տրամադրած 55 ՏԸՀ-ների հաստատված արձանագրությունների քաղվածքները ԿՀԸ-ի կայքում տեղադրված պաշտոնական արդյունքների հետ։ Որևէ լուրջ անճշտություն չեն հայտնաբերվել։ Չնայած, առկա են 12 փոքր տեխնիկական սխալներ տեղամասերում գրանցված ընտրողների թվի մեջ։

VI. ԲՈՂՈՔՆԵՐ և ԴԻՄՈՒՄՆԵՐ

Միջազգային և տեղական դիտորդները հաղորդել են մինչև ընտրությունների օրը քվեարկողների հանդեպ ճնշումներ գործադրելու, ՀՀԿ-ի ակտիվիստների կողմից ընտրողներին ուղղորդման, ընտրատեղամասերում և ընտրատեղամասերից դուրս լարվածության, ընտրական գործընթացին չափից դուրս միջամտելու բազմիցս դեպքեր, ինչպես նաև ընտրակաշառքի դեպքեր։ (Վանաձորի մի պետական ընկերության աշխատակից հայտնել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներին, որ ինքը առաջարկել է 30,000 ՀՀ դրամ (55 եվրո) այն անձանց, ովքեր «ընգրկվել են ցուցակի մեջ» ընտանիքի առնվազն երկու այլ անդամների հետ, եթե նրանք քվեարկեն ի օգուտ գործող նախագահի։ Տավուշի մարզում երկարաժամկետ դիտորդները տեղեկացվել են մի քանի աղբյուրներից, որ վերջիններիս առաջարկվել է 5000 ՀՀ դրամ (9 եվրո) գործող նախագահի համար քվեարկելու դեպքում։ Գյումրիում երկարաժամկետ դիտորդներին հայտնել են, որ Օրինաց երկիր կուսակցության նոր գրասենյակում կազմվել են ընտրություններում մասնակցող ընտանիքների ցուցակներ և, որ յուրաքանչյուր ընտանիք ըստ երևույթի պետք է ստանա 30,000 ՀՀ դրամ քվեարկելու դիմաց։ Նմանատիպ այլ դեպքերում երկարաժամկետ դիտորդները տեղեկացել են, որ Շիրակի և Տավուշի մարզերում ընտրողներին բաժանվել է 5,000 ՀՀ դրամ։ Սյունիքի մարզում մասնակցության բարձր թվի վերաբերյալ հարցին մի ՏԸՀ նախագահ պատասխանել է, «դա պետք է այդպես լինի, քանի որ մենք վճարել ենք նրանց», և հետո ուղղել է ինքն իրեն ասելով, «որպեսզի գան քվեարկելու, կարևոր չէ թե ում համար»։ Ասպարեզ թերթի խմբագիրը (Շիրակի մարզ) հայտնել է, որ ՀՀԿ-ն խնդրել է քաղաքապետերին ապահովել մասնակցության բարձր թիվ և սկսել բաժանել յուրաքանչյուր ընտրողին 5,000 — 10,000 ՀՀ դրամ (9-18 եվրո)։ Ընտրություններին նախորդող օրերին Գյումրիում տեղակայված Գալա հեռուստատեսությունը հեռարձակել է և տեղադրել իր կայքում բազմաթիվ հետաքննող հաղորդաշարեր ընտրակաշառքի տարբեր մեխանիզմերի և ձևերի վերաբերյալ, որոնք կազմակերպվել են գործող նախագահի աջակիցների կողմից։ Տես՝ http://www.galatv.am): Նման օրինախախտումները կարող են բացասաբար ազդել ընտրողների վրա՝ ազատ քվեարկելու համար, ինչպես պահանջվում է 1990 թ. ԵԱՀԿ Կոպենհագենի փաստաթուղթի 7.7 պարբերության մեջ։ ԿԸՀ-ն տեղեկացրել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների օրը 8 գրանցված պաշտոնական բողոքների մասին և ընտրություններից հետո՝ 80-ից ավել բողոքների մասին, որոնցում հիմնականում պահանջվում է վերահաշվարկել կամ անվավեր ճանաչել 140 ՏԸՀ-ների արդյունքները։ 14 73 ընտրատեղամասերում արդյունքները անվավեր ճանաչելու բողոքները չեն ընդունվել վարույթ, քանի որ նրանք ներկայացվել են օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո։ Մնացած 47 տեղամասերին վերաբերող բողոքները մերժվել են ըստ էության։ Ընտրությունների օրը ստացված բողոքները մատնանշել են շատ կոպիտ օրինախախտումներ, այդ թվում քվեատուփի լցոնումներ, բազմակի քվեարկություն, ուրիշի փոխարեն քվեարկություն, պաշտոնական անձանց կողմից միջամտում և ճնշում։ Դիտորդների կողմից ներկայացվող բոլոր բողոքները չեն ընդունվել վարույթ, քանի որ նրանք իրավասու չեն բողոք ներկայացնել, եթե այն չի վերաբերում իրենց անմիջական իրավունքին որպես դիտորդ։ Թեկնածուի վստահված անձանց կողմից ներկայացված բողոքները նույնպես չեն ընդունվել վարույթ այն պատճառաբանությամբ, որ բողոքատուները ներկա չեն գտնվել ընտրատեղամասերում: ԿԸՀ-ի կողմից ԸԴԱ-ին տրամադրվող տեղեկատվությունը երբեմն եղել է իրարամերժ և ոչ լիարժեք: Իրավախախտումների շուրջ 40 դեպքեր են գրանցվել դիտորդների և վստահված անձանց կողմից ՏԸՀ-ների մատյաններում: Ի լրումն, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղեկացել է, որ թեկնածուի վստահված անձինք և լիազորված դիտորդները փորձել են ներկայացնել ավելի շատ բողոքներ, բայց նրանց խոչընդոտել են ՏԸՀ-ները, այդ թվում` մերժել են գրանցել իրավախախտումները իրենց մատյանում կամ ընդունել պաշտոնական բողոք: Ընտրություններից հետո ԿԸՀ-ն ստացել է պարոն Հովհաննիսյանի կողմից մեկ բողոք, որտեղ նա պահանջում է անվավեր ճանաչել պարոն Սարգսյանի գրանցումը որպես թեկնածու, քանի որ վերջինս գերազանցել է նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը տաս տոկոսով։

ԿԸՀ-ն մերժել է բողոքը ըստ էության նշելով, որ բողոքում նշված ծախսերը, ինչպիսիք են օրինակ նախընտրական շտաբների վարձակալությունը և այդ գրասենյակների վրա տեղադրված քարոզչական պաստառների ծախսերը, չպետք է համարվեն քարոզարշավի ծախս: Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը, որ նրանք հետաքննում են 300 հնարավոր քրեական և վարչական իրավախախտումներ։19 Դրանց մեծ մասը հարուցվել են հիմնված լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության հիման վրա, այդ թվում առցանց և սոցիալական ցանցերում, մինչդեռ թեկնածուների քարոզչական շտաբները քիչ թվով բողոքներ են ներկայացրել։ Բողոքների մեծ մասը վերաբերում էր ընտրակաշառքի, ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից ընտրողներին ահաբեկելու և բազմակի և ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին։ Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական տաս գործեր և մնացած գործերի մեծ մասը կարճվել է նախաքննությունից հետո։

Գործընթացի որոշ շահագրգիռ կողմեր տեղեկացրել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ առկա է ընտրական իրավախախտումների մասին հաղորդելու հասարակական դժկամություն, հատկապես ահաբեկման և ընտրակաշառքի դեպքերում՝ ընտրական վարչարարության և դատական համակարգի նկատմամբ վստահության պակասի, ինչպես նաև հետևանքներից վախենալու պատճառով։ Ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը հրապարակել են իրենց կայքերում հետաքննության մեջ գտնվող գործերի տեղեկատվություն, որոշ դեպքերում նշելով այն անհատների անունները, հեռախոսահամարները և հասցեները, ովքեր հայտնել են ընտրակաշառքի կամ պաշտոնյաների կողմից ահաբեկման մասին։22 Սա մտահոգություն է առաջացնում անձնական տվյալների պաշտպանության շուրջ և ստեղծում պայմաններ հնարավոր ահաբեկման համար։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրել են մի շարք դեպքերի մասին, որոնք ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Նախորդ հոդվածը‘Բանգլադեշի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» այլեւս ուժեղագույն ակումբը չէ. IFFHS’