‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում է միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մեծացման ուղղությամբ’

739

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի ղեկավարությանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մեծացման ուղղությամբ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտը: Ընտրությունների ինստիտուտի բարելավմանն էր նվիրված այսօր Երևանում սկսված սեմինարը, որին մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և եվրոպական կառույցների ներկայացուցիչներ:

Շմիդտի ասելով, Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջին առաջարկությունները ենթադրում էին նաև նման քննարկումների կազմակերպում, որոնք թույլ կտան մանրակրկիտ քննարկել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման արդյունավետ մեխանիզմներ:

Հայաստանի ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունները վերաբերում են ընտրական ցուցակների կազմմանը: Նրա ասելով, առաջարկվում է ցուցակների կազմման այլ մոդելների կիրառում, մասնավորապես` Հայաստանից  ժամանակավորապես բացակայող քաղաքացիների ցուցակների ձևավորում: «Կան նաև նախընտրական քարոզարշավի բարելավմանը, նախընտրական հիմնադրամների ձևավորմանը, ձայների հաշվարկին առնչվող առաջարկություններ: Առաջարկությունները տարբեր են, և դրանք բոլորը մանրակրկիտ կուսումնասիրվեն, կընտրվեն առավել օպտիմալ տարբերակները», — ասել է Մուկուչյանը: 

Նախորդ հոդվածը‘Դեմ եմ պարտադիրին. բողոքի երթ մեքենաներով’
Հաջորդ հոդվածը‘«Արտ Լաբորատորիա»-ի չորս անդամներ կտուգանվեն Շանթի դիմանկարների համար’