‘ԵԱՀԿ ԽՎ-ն հակառուսաստանյան բանաձև է ընդունել’

1114

Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հուլիսի 1-ի լիագումար նիստում, «Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ» երեքժամյա քննարկումների արդյունքում ընդունել է բանաձև՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հելսինկյան սկզբունքների ակնհայտ, կոպիտ և չուղղված խախտումների» մասին, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Բենջամին Քարդինը, փոխանցում է contact.az-ը:

Ռուսաստանյան պատվիրակությունն ամեն կերպ ջանացել է խոչընդոտել բանաձևի ընդունմանը: Մասնավորապես՝ ռուսաստանցի խորհրդարանական Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է ԵԱՀԿ սկզբունքների կիրառման երկակի չափորոշիչների մասին: Ընդ որում՝ նա նշել է, որ դատապարտելով Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ ԵԱՀԿ-ն, միևնույն ժամանակ, չի պաշտպանել Սերբիայի տարածքային ամբողջականությունը Կոսովոյի անջատման ժամանակ: Ըստ Պուշկովի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակը սրվել է, քանի որ իշխանություններն ուշադրություն չեն դարձրել ֆեդերալացման վերաբերյալ  բնակչության պահանջներին:

Իր հերթին՝ ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Ստոյանը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորմանը խանգարում է Ռուսաստանի կողմից անջատականներին ցուցաբերվող աջակցությունը: «Եթե անջատականները դրսից օգնություն չստանային, ապա այդ հակամարտությունը վաղուց լուծված կլիներ: Հարկավոր է դադարեցնել ֆինանսների և զենքի մատակարարումը նրանց»,- հայտարարել է պատգամավորը:

Քննարկումների մասնակիցների մեծամասնությունը դատապարտել է Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից, աջակցությունը զինված անջատականներին: Ավելին, բանաձևում մի շարք լրացումներ են կատարվել, որոնք խստացնում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների քննադատությունը և պահանջում դադարեցնել սադրիչ ռազմական թռիչքները հյուսիս-բալթյան տարածաշրջանում, հեռացնել զորքերը Մերձբալթյան երկրների սահմաններից, վերջ դնել քայքայիչ գործունեությանը Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի էթնիկ ռուս բնակչության շրջանում: Փոխանցում է regnum.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և ԵՄ-ն հայտարարել են Իրանի հետ բանակցությունները շարունակելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում առաջին անգամ կսահմանեն նվազագույն աշխատավարձ’