‘ԵԱՀԿ Համանախագահները Ղարաբաղում գյուղատնտեսությունից բացի այլ հարցեր էլ են քննարկել’

1005

Ստեփանակերտում դեկտեմբերի 17-ի երեկոյան  Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպքումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե գյուղատնտեսության և այլ խնդիրներից բացի իրենք նաև էական հարցեր են քննարկում Ղարաբաղ այցելության ժամանակ, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ աղբյուրի, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, մասնավորապես, ընդգծել է, որ իրենց այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկումն ընթացող քննարկումներում՝ քննարկում այն էական հարցերի շուրջ, որոնք շոշափվում են կողմերի միջև հանդիպման ժամանակ:

«Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետև, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին վերադառնալու հարցը», — պարզաբանել է ռուսաստանցի համանախագահը՝ պատասխանելով բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին և հրադադարը պահպանելու ապարդյուն կոչերին՝ Իգոր Պոպովը հավաստիացրել է, որ այդ հարցը նույնպես քննարկում են, սակայն, իր խոսքերով, ամեն ինչ այնքան էլ լավ չէ, ինչպես ցանկանում են: «Շարունակում են մարդիկ զոհվել: Չնայած զոհերը բավականին քչացել են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ և ցավ է», — ընդգծել է նա:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ցմահ»-ների հաղթարշավը շարունակվում է ‘
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Տիգրան Առաքելյան. Ոչ թե կորած, այլ գտած երկու տարիները բանտում’