‘ԵԱՀԿ Մինսկի խումբ. Սաֆարովի ներումը վնաս է հասցնում խաղաղության գործընթացին’

2124

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիա, այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը: Համանախագահներն այդ հայտարարությունը տարածել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո: Նալբանդյանի հետ համանախագահները հանդիպել են սեպտեմբերի 2-ին, Մամեդյարովի հետ` այսօր: Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են Ադրբեջանի իշխանությունների որոշումը` 2004 թվականին Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկում կրող ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին: Համանախագահներն իրենց խորը մտահոգությունն ու ափսոսանքն են հայտնել այն վնասի համար, որն «այդ ներումը եւ հանցագործությունը փառաբանելու ցանկացած փորձ հասցնում են խաղաղության գործընթացին եւ կողմերի փոխվստահությանը»: 

Համանախագահները երկու նախարարների հետ հանդիպումներում վերահաստատել են, որ, ինչպես իրենց երկրների նախագահները նշել են հունիսի 19-ին Լոս Կաբոսում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Համանախագահները շարունակելու են կապ պահպանել կողմերի հետ` թուլացնելու լարվածությունն ու առաջ մղելու խաղաղության գործընթացը: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահ. Սաֆարովի արտահանձնումը հարված է բանակցային գործընթացին’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Սաֆարովի արտահանձնմամբ եւ համաներմամբ ‘