‘ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ’

988

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ երկխոսությունը շարունակելու նպատակով, Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Դիվանագետի խոսքերով՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդների հետ հանդիպման ժամանակ Ալիևը «սկզբունքային համաձայնություն է տվել» Սարգսյանի հետ հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ: «Հիմա մենք մեկնում ենք Հայաստան, և այն բանից հետո, երբ բանակցություններ կվարենք Սարգսյանի հետ,  կհրապարակենք  համանախագահների համապատասխան հայտարարությունը, որտեղ կշարադրվեն երկու կողմերի դիրքորոշումները»,- տեղեկացրել է Պոպովը: Նա հույս է հայտնել, որ գագաթնաժողովը կհաջողվի անցկացնել մինչև ընթացիկ տարվա վերջը, հաղորդել է Интерфакс-ը:  Վերջին անգամ Ալիևը և Սարգսյանն այդ հարցը քննարկելու համար հանդիպել են  2012 թ. հունվարին Սոչիի եռակողմ գագաթնաժողովում, որին մասնակցում էր Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում սիբիրյան խոցի 17 դեպք է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 100 մլն ԱՄՆ դոլարը’