‘ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին’

1085

Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը, հաղորդում է «Ինտերֆակս-Ղազախստանը»: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին Մինսկում ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ»,-գրել է Իդրիսովը` Twitter-հեռարձակման շրջանակներում պատասխանելով համապատասխան հարցին:

Նշենք, որ Մինսկում Մաքսային եռյակի առաջնորդների և Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ նշվել էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության այլ ժամկետներ` ընթացիկ տարվա հուլիսի սկիզբ: ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության հետաձգման պատճառները չեն նշվում: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԵԱՏՄ-ին հանրապետության անդամակցության համար պետք է ճշտվեն ընդամենը մի քանի տեխնիկական հարց: Այսինքն, նրանց հավաստմամբ, հանրապետությունը պատրաստ կլինի անդամակցությանը հուլիսի սկզբին:

Հիշեցնենք, որ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի արդյունքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԵԱՏՄ Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներս:

Իսկ դրանից մի քանի ժամ առաջ Սերժ Սարգսյանն առաջարկել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրն ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը: 

Նախորդ հոդվածը‘Օձի կծելու դեպքերը նվազել են, կարիճներինը՝ ավելացել ‘
Հաջորդ հոդվածը‘Համալիրի վիճարկելի աճուրդը շարունակվում է. Գինը կրկին 10 տոկոսով նվազել է’