ԵԱ․ Դավիթ Հովհանիսյանը՝ չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

395

Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը 96 կգ քաշային կարգում: Փոխչեմպիոն հռչակվեց այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արա Աղանյանը:

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (171+206), Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205):

Արա Աղանյանը պոկում վարժությունում պայքարը սկսեց 160 կգ-ով եւ հաջողությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հրեց 165 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 170 կգ: Երեք մոտեցումները հաջողությամբ կատարելուց հետո Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների փոխչեմպիոնը նվաճեց այս վարժության փոքր արծաթե մեդալը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում մեկ կիլոգրամով գերազանցեց թիմակցին: Հովհաննիսյանն առաջին մոտեցմամբ պոկեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 171 կգ: 25-ամյա ծանրորդը ձախողեց երրորդ մոտեցումը, որի համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրել էր 173 կգ: Այս վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում եւս շատ դիտարժան ստացվեց: Արա Աղանյանը հաջողությամբ հրեց առաջին մոտեցումը, որի համար պատվիրել էր 200 կգ, երկրորդ մոտեցմամբ հրեց 205 կգ, երրորդ մոտեցման համար պատվիրած 208 կգ-ը Աղանյանը ձախողեց, որով փորձում էր երկամարտում շրջանցել Դավիթ Հովհաննիսյանին:

Դավիթ Հովհաննիսյանն անհաջող սկսեց հրում վարժությունը եւ ձախողեց 202 կգ պատվերը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը մեկ կիլոգրամով ավելացրեց ծանրաձողի քաշը եւ Հովհաննիսյանը դժվարությամբ, բայց հրեց 203 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ գյումրեցի ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց 206 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Նախորդ հոդվածըՄեդվեդչուկի գործի հետաքննությունն ավարտվել է
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ռաֆայել Նադալը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)