ԵԱ․ Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք մրցակցին եւ եզրափակիչում է

243

Կարապետ Մանվելյանը դուրս եկավ Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչ:

55 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց թուրք Մուհամեդ Էմին Չակիրի հետ եւ հաղթեց 1:1 հաշվով՝ վերջին միավորի առավելությամբ: 

Մարտի 14-ին հայ ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար:

Մանվելյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել սերբ Սաբոլց Լոսոնկի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 7:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռահիմ Հասանովին:

130 կգ քաշայինների կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Վարդանյանը 0:6 հաշվով պարտվեց վրացի Գեորգի Ցոպուրաշվիլիին:

Ալբերտ Վարդանյանը քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով առավելության էր հասել լեհ Դոմինիկ Տոմաշ Կրավչիկի նկատմամբ: Մարտի 14-ին Վարդանյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:

Առաջին մրցումային օրը Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից  Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) մեկնարկում ադրբեջանցի Զիյա Բաբաշովին հաղթելուց հետո (3:1), քառորդ եզրափակիչում պարտվել էր թուրք Իսմայիլ Քուլֆային (1:6):

Աշոտ Կիրակոսյանն(77 կգ) ու Հովհաննես Հարությունյանը(87 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում:

Նախորդ հոդվածըՌոն Դեսանտիս․ Ուկրաինայի հակամարտությունը ԱՄՆ ազգային շահերի շարքում չէ
Հաջորդ հոդվածըԹրամփը կոոնավիրուսի տարածման համար պատասխանատվության կկանչի ՉԺՀ-ին