‘Եգիպտական բանակը մերժել է Մուրսիի փոխզիջումային առաջարկը’

890

Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել-Ֆաթահ ալ-Սիսին մերժել է նախագահ Մոհամեդ Մուրսիի՝ Եգիպտոսում ստեղծված ճգնաժամից դուրս գալու առաջարկները, փոխանցում է The Guardian-ը: Պարբերականի տվյալներով՝ Մուրսին գեներալներին հետևյալ փոխզիջումներն էր առաջարկել՝ ինքը մնում է նախագահի պաշտոնում, սակայն մի քանի զիջումներ է անում ընդդիմությանը: Մասնավորապես՝ նա առաջարկել է ստեղծել նոր կառավարություն՝ ընդդիմության ծավալուն մասնակցությամբ, քաղաքականապես չեզոք հանձնաժողով ՝ նոր սահմանադրություն մշակելու համար, արագացնել ընտրությունների վերաբերյալ ընդունելի օրենքի ընդունումը, նոր գլխավոր դատախազ նշանակել, նաև՝ վստահության հանրաքվե կազմակերպել:

Այս բոլոր առաջարկները մերժվել են, քանի որ ընդդիմության առանցքային պահանջը եղել և մնում է նախագահի հրաժարականը: Մուրսիի հակառակորդները համաձայն են մյուս բոլոր հարցերը քննարկել միայն նրա հրաժարականից հետո:

Այս պայմաններում բանակի հրամանատարությունը սկսել է զորքեր կուտակել Կահիրեի այն շրջաններում, որտեղ հավաքվում են Մուրսիի կողմնակիցները: Ընդդիմությունն այսօր երեկոյան երթ է կատարելու դեպի Ազգային գվարդիայի կենտրոնակայան, որտեղ, ըստ լուրերի, թաքնվում է նախագահը: Երկրի ղեկավարի կողմնակիցները, սակայն, մտադիր չեն ընկրկել և հայտարարում են, թե պատրաստ են մեռնել հանուն իրենց առաջնորդի: «Ալ-Ջազիրայի» տվյալներով՝ Կահիրեի համալսարանի մոտ արդեն բախումներ են տեղի ունենում իսլամիստների և տեղի բնակիչների միջև:

Հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ զինված ուժերի ներկայացրած վերջնագրի ժամկետն սպառվում է ժամը 17.30-ին, և եթե մինչ այդ փոխհամաձայնություն ձեռք չբերվի, բանակը խոստանում է իրադրությունն առնել իր վերահսկողության տակ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկիչներն սպառնում են խանգարել Սոչիի օլիմպիադան’
Հաջորդ հոդվածը‘Ծխախոտի վրա կմակնշվի առավելագույն մանրածախ գինը’