‘Եգիպտական ոստիկանությունը մեղավոր է ավելի քան 900 մարդու մահվան համար’

910

Բարձր մակարդակով անցկացված հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ 2011 թ. զանգվածային ցույցերում ավելի քան 900 մարդու մահվան ետևում կանգնած են Եգիպտոսի ոստիկանները: Պարզ է դարձել, որ ոստիկանները բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարներին կրակել են Կահիրեի այն շենքերի տանիքներից, որտեղից լավ երևում է Թահրիրի հրապարակի վրա: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի նախաձեռնությամբ ստեղծված՝ ցուցարարների զանգվածային գնդակահարության փաստերի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի զեկույցի տվյալները կարող են ծանրակշիռ փաստարկ հանդիսանալ տապալված Հոսնի Մուբարաքի, ինչպես նաև՝ նրա անվտանգության ծառայության պետ, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի և ոստիկանության բարձրաստիճան վեց սպաների գործի առաջիկա վերաքննության ժամանակ: Դրանք կարող են նաև բազմաթիվ ոստիկանների հետապնդման առիթ դառնալ: Միևնույն ժամանակ՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կասկած են հայտնում, թե հետաքննության արդյունքները կարող են օգտագործվել «Մուսուլման եղբայրների» կողմից՝ ներքին անվտանգության ուժերի կառավարումն ամբողջովին իրենց ձեռքը վերցնելու համար: Հավելենք նաև, որ ՆԳ նախարարությունը, որը վերահսկում է ոստիկանությանը, բազմիցս հերքել է Կահիրեում և մյուս քաղաքներում 18-օրյա ցույցերի ընթացքում տեղի ունեցած սպանությունների մեղադրանքը, հաղորդում է  mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում ռետրո-ավտոմեքենաների ավանդական մրցարշավ տեղի կունենա’
Հաջորդ հոդվածը‘Մութալիբով. Տեր-Պետրոսյանը ասաց, որ չի ների ինձ դրա համար, եւ ես հասկացա, որ նրանք՝ հայերը վրեժխնդիր են լինելու ‘