‘Եգիպտոսի իշխանությունները ազատել և արտաքսել են «Ալ-Ջազիրայի» լրագրողին’

848

«Ալ-Ջազիրա» հեռուստատեսության ավստրալացի լրագրող Փիթեր Գրեստեն ազատ է արձակվել եգիպտական բանտից և արտաքսվել է Եգիպտոսից: Նրան նստեցրել են Կիպրոս մեկնող ինքնաթիռը:

Գրեստեն երկար ժամանակ BBC-ի թղթակիցն է եղել տարբեր երկրներում: Նա ձերբակալվել էր Եգիպտոսում 2013 թ. դեկտեմբերին, «Ալ-Ջազիրայի» ևս երկու լրագրողների հետ միասին: Նրանց ահաբեկչությանն աջակցելու և արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը օգնելու մեղադրանք էր ներկայացվել: Լրագրողները դատապարտվել էին 7-10 տարի ազատազրկման:

Լրագրողների կալանավորումը վրդովել էր ամբողջ աշխարհի լրագրողական հանրությանը, տարբեր երկրներում համերաշխության և բողոքի ակցիաներ են անցկացվել:

Հունվարի 1-ին հայտարարվեց, որ Եգիպտոսի գերագույն դատարանը վերանայելու է «Ալ-Ջազիրայի» լրագորղների գործը: Մինչ այդ՝ 2014 թ. նոյեմբերին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարեց, որ հնարավոր է համարում ներում շնորհել «Ալ-Ջազիրայի» երկու լրագրողներին, ովքեր արտասահմանյան երկրների քաղաքացիներ են:

Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությունը Եգիպտոսում արգելվել է այն բանից հետո, երբ իշխանությունները նրան տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժմանը պաշտպանելու մեղադրանք ներկայացրին; «Ալ-Ջազիրայի» ղեկավարությունը մշտապես հերքել է այդ մեղադրանքները: Փախանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տոկիոն ընդլայնում է «Իսլամական պետության» դեմ կռվողներին ցուցաբերվող օգնությունը’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Պուտինը վատ ստրատեգ է, նա վնաս է հասցնում Ռուսաստանին’