‘Եգիպտոսի լիբերալները չեն ընդունել սահմանադրական հռչակագիրը’

793

Եգիպտոսի լիբերալ դաշինքը հրաժարվել է ընդունել սահմանադրական հռչակագիրը, որը նախորդ օրը ստորագրել էր երկրի ժամանակավոր նախագահ  Ադլի Մանսուրը, հուլիսի 9-ին հաղորդել է Reuters-ը:

Եգիպտոսի ազատական ընդդիմության առաջնորդները, որոնք միավորվել են «Ազգային փրկության ճակատ» դաշինքում, պահանջել են սահմանադրական հռչակագրում փոփոխություններ կատարել, ինչպես նաև հայտարարել են, որ անհրաժեշտ է փաստաթղթի ավելի լայնածավալ քննարկում կազմակերպել: Թե հատկապես ինչ փոփոխություններ են պահանջում լիբերալները՝ չի հայտնվում:

Հուլիսի 8-ին Մանսուրը ստորագրել է սահմանադրական հռչակագիր, որը սահմանում է Եգիպտոսում խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամկետները: Փաստաթղթի համաձայն՝ այն ստորագրելուց չորս ամիս անց երկրում հանրաքվե  է անցկացվելու գործող սահմանադրության փոփոխությունները հաստատելու հարցով, իսկ 2014 թ. հունվար- փետրվարին երկրում կկայանան խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

«Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր դաշինքը ձևավորվել է 2012 թ. նոյեմբերին և հանդես է եկել Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի ընդունած սահմանադրական հռչակագրի դեմ: Դաշինքում ընդգրկված են ավելի քան 36 կուսակցություններ և կազմակերպություններ: Դաշինքի առաջնորդներից մեկը ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյն է, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սպիտակի քաղաքապետը հարվածել ու մարմնական վնասվածք է հասցրել համաքաղացուն’
Հաջորդ հոդվածը‘Ազնավուրի կեցավայրի «կարմիր լենտը կտրելուց» 2 տարի անց դեռ ճշտում են՝ ինչ եւ ինչի համար են կառուցել. Տեսանյութ’