‘Եգիպտոսի նախագահի լիազորությունների կեսից ավելին կկրճատվի ‘

1151

Եգիպտոսի նոր սահմանադրությամբ պետության ղեկավարի լիազորությունների կեսից ավելին կկրճատվի: Այս մասին տեղեկացրել է Սահմանադրական  հանձնաժողովի ներկայացուցիչ Համիլ Հիբրիլը, որն զբաղվում է երկրի նոր գլխավոր օրենքի մշակմամբ:

Ի տարբերություն 1971 թ. սահմանադրության, որի գործունեությունը կասեցվեց 2011-ի «հունվարի 25-ի հեղափոխությունից» հետո, նախագահի լիազորությունները բավական կկրճատվեն: Ըստ սահմանադրագետի՝ նախագահը կպահպանի արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունը, սակայն ընդամենը մեկ շաբաթով կարող է արտակարգ դրություն հայտարարել:  «Արտակարգ դրության ժամկետը կարող է երկարացվել միայն խորհրդարանի հավանությամբ,- ասել է Համիլ Հիբրիլը: -Եթե խորհրդարանը մերժի արտակարգ դրություն մտցնելու առաջարկը, նախագահը կարող է այդ հարցը հանաքվեի դնել»:

Այս դրույթի կարեւորությունը, մասնավորապես, կայանում է նրանում, որ Եգիպտոսի նախկին բռնապետ Հոսնի Մուբարաքը իր իշխանության գալուց, 1981թ.-ից ի վեր՝ երկրում իր իսկ կողմից հայտարարված արտակարգ դրության ռեժիմն ծառայեցնում էր քաղաքական այլախոհների դեմ ճնշումներ բանեցնելու նպատակին: Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը չեղյալ հայտարարվեց միայն այս տարվա հունվարին:

Նոր սահմանադրության մշակումն ավարտվելու է հոկտեմբերի վերջին: Վաղվանից «Մահմեդական եղբայրների» Ազատության և արդարության կուսակցությունը սկսելու է բնակչությանը ծանոթացնել նոր սահմանադրության հիմնական դրույթներին, որը «զուտ լուսավորչական բնույթ կունենա և միտված չի լինի որոշակի հասարակական կարծիք ձևավորելուն»: Մինչդեռ շատ լիբերալներ և ձախ կուսակցությունների ներկայացուցիչներ, ի նշան բողոքի, դուրս են եկել սահմանադիր ժողովից, քանի որ, ըստ նրանց, այն բացառապես հենվում է իսլամիստների վրա և չի արտահայտում բնակչության բոլոր շերտերի շահերը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Զավարովը’
Հաջորդ հոդվածը‘Միլա Կունիսը՝ տարվա ամենագրավիչ կին ‘