‘Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրողների 95 %-ը’

1138

Երեկ երեկոյան Եգիպտոսում ավարտվել է նոր սահմանադրության վերաբերյալ երկօրյա հանրաքվեն: Պաշտոնական տվյալները կհայտարարվեն ընտրատեղամասերի փակվելուց 72 ժամ անց: Սակայն նախնական տվյալներով՝ նոր սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր այցելած  քաղաքացիների 95 %-ը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Եգիպտոսի ՆԳՆ-ին: Ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 55%:

Իսլամիստները, որ պաշտպանում են արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժմանը, բոյկոտել են հանրաքվեն: Սակայն դրանով ամեն ինչ չի սահմանափակվել. քվեարկության առաջին օրը «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 28 մարդ: Բացի այդ՝ առնվազն 300 իսլամիստներ ձերբակալվել են՝ քվեարկությունը խոչընդոտելու փորձերի համար:

Նոր սահմանադրությունը արգելում է կրոնի վրա հիմնված քաղաքական կուսակցությունների ստեղծումը, հավասարեցնում կանանց և տղամարդկանց իրավունքները և պաշտպանում քրիստոնյա փոքրամասնության կարգավիճակը: Միևնույն ժամանակ՝ այն զինվորականներին օժտում է լրացուցիչ լիազորություններով, մասնավորապես՝ թույլ է տալիս առաջիկա ութ տարիների ընթացքում ինքնուրույն որոշել, թե ով է զբաղեցնելու պաշտպանության նախարարի պաշտոնը: Նաև բանակն իրավունք է ստանում քաղաքացիական անձանց դատել զինվորական տրիբունալներում:

Նախորդ սահմանադրության նախագիծը, որ հիմնականում մշակել էին իսլամիստները, հաստատվել էր 2012 թ., փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է Վեյկ Ան Զեեի մրցաշարը’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը խոստանում է խստացնել պայքարը բանակում փողոցային բարքերի կիրառման դեմ’